Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքուստ խիստ, բայց աննկարագրելի բարի

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Դաշնակահար, կոմպոզիտոր, անվանի մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկած երաժշտական փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 2-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում:

Փառատոնային համերգաշարի առաջին օրը իրենց կատարողականությամբ փայլեցին Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Գայանե Գեղամյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ներսիսյանը: Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգան դաշնակահարուհիներ, միջազգային մրցույթի դափնեկիրներ Արմինե Գրիգորյանը եւ Սոնա Բարսեղյանը: Կոնսերվատորիայի դահլիճում հոկտեմբերի 29-ին կկայանա համերգ՝ ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ, իսկ փառատոնային եզրափակիչ համերգին իրենց մասնակցությունը կբերեն դաշնակահարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Զեմֆիրա Բարսեղյանը եւ Անահիտ Ներսիսյանը: Մոսկվայում ծնված մեծանուն մանկավարժը ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, այնուհետեւ՝ Տաշքենդի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որտեղ եւ ծանոթացել է ապագա կնոջ՝ երգչուհի Աննա Սարաջեւայի հետ, ով մինչ օրս դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում: Հայրենիք տեղափոխվելուց հետո, 1944-86թթ. կրթել է երաժիշտների մի քանի սերունդ, որոնցից շատերը մեծ ավանդ ունեն հայ դասական երաժշտության ոլորտում: Հիշատակենք ընդամենը մի քանի անուն. դաշնակահարներ Էլեոնորա Ոսկանյան, Ամալյա Բայբուրթյան, Զեմֆիրա Բարսեղյան, Հարություն Փափազյան, Մարիաննա Հարությունյան, Սերգեյ Սարաջյան, կոմպոզիտորներ Էդվարդ Բաղդասարյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Լուսիկյան, Լեւոն Չաուշյան, երաժշտագետ Ալինա Փահլեւանյան եւ այլք: Այսօր Գ. Սարաջեւի ուսանողները արտահայտվում են, թե չնայած պրոֆեսորը տեսքից խիստ էր, բայց աննկարագրելի բարի մարդ էր, մանկավարժ, որն իր գործին նվիրված էր անմնացորդ: Խոսելով դաշնակահարի ստեղծագործական ուղու մասին էլ, նշում են՝ առանձնացնելով նրա դաշնամուրային մանրանվագները: Իսկ այս կամ այն երկի փոխադրումները ու մշակումները դաշնամուրի համար՝ որակում ինչպես հեղինակային գործեր: Ժամանակակիցների պատմություններին հաղորդակցվելով, տեղեկացանք, որ Գ. Սարաջեւը եղել է նաեւ շախմատի սիրահար: Այս ոլորտում նա առնչվել է Տիգրան Պետրոսյանի, Վիկտոր Կորչնոյի, Միխայիլ Տալի եւ աշխարհահռչակ մյուս գրոսմայստերների հետ, իսկ Մարկ Տայմանովը նրա մտերիմ ընկերն էր:

Ի դեպ, Երեւանի կոնսերվատորիան մշտապես անդրադառնում է հայ մշակույթի երեւելիների, իր դասախոսների հոբելյաններին՝ Ղազարոս Սարյանի, Կոնստանտին Սարաջեւի, Կետի Մալխասյանի, Կարպ Դոմբաեւի, Ռոբերտ Աթայանի, Հրաչյա Բոգդանյանի եւ մյուսների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել