Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադիմում են

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Նովի Սադում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում երեկ հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում 7-րդ տուրի տղամարդկանց մրցաշարի Ադրբեջան-Հայաստան սկզբունքային հակամարտությանը:

Որքան հիշում ենք, միջազգային ամենաբարձր կարգի մրցումներում այս երկու երկրների ընտրանիների հակամարտությունում առավելությունը մեր տղաների կողմն է: Սակայն Ադրբեջանի թիմը Եվրոպայի այս առաջնությունում հանդես է գալիս վերելքով՝ մինչ Հայաստանի հետ հանդիպելը տանելով հինգ թիմային հաղթանակ եւ իր օգտին ընդամենը մեկ ոչ-ոքի գրանցելով՝ Ռուսաստանի հետ:

Համաշխարհային օլիմպիադայի հինգ չեմպիոններով համալրված մեր հավաքականը վեցերորդ տուրում 3:1 հաշվով Իսպանիային հաղթելուց հետո (Արոնյան-Շիրով՝ 1/2, Հակոբյան-Վալյեխո Պոնս՝ 1/2, Սարգսյան-Կորդոբա Իլյեսկաս՝ 1:0, Պետրոսյան-Լոպես Սալգադո՝ 1:0) զգալիորեն բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ թիմային 9,0 եւ անհատական 15,0 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական: Այնպես որ, Ադրբեջանի հետ երեկ կայացած պայքարը վճռական նշանակություն էր ունենալու նաեւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հավաքականների վերջնական դասավորվածության առումով:

Մեկ քայլ առաջընթաց գրանցեցին նաեւ մեր աղջիկները, որոնք նախորդ տուրում 2:2 խաղացին ֆրանսուհիների հետ: Ոչ-ոքի արդյունքն ապահովեցին հաղթանակի հասած Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանն ու Սիրանուշ Անդրիասյանը պարտություն էին կրել: Վեց տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը թիմային 8,0 եւ անհատական 14,0 միավորով ընթանում էր 6-րդ տեղում: Երեկ Ռումինիայի հետ մրցամարտը մեր աղջիկների համար նույնպես կարեւոր նշանակություն ուներ:

Այս օրերին Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում շարունակվող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը յոթերորդ տուրում սպիտակներով առավելության հասավ տանտերերից Ժակ Բլիտի նկատմամբ, ինչի շնորհիվ 5,0 միավորով 15-րդից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Նա միանձնյա առաջատար բելառուսցի Սերգեյ Ժիգալկոյին զիջում է ընդամենը մեկ միավոր: Այսօր Ավետիքը սեւերով ուժերը չափելու է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինի հետ:

Մեր հանրապետության երկրորդ մասնակիցը՝ աղջիկների մրցապայքարում հանդես եկող Աննա Հայրապետյանը, խաղաղ դաշն կնքեց հնդկուհի Մոհանտի Մանիշա Կիրանի հետ եւ 4,5 միավորով 12-րդն է: Այսօր Աննայի մրցակիցը Նազի Պաիկիձեն է (Վրաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել