Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը, այսուհետեւ հանդիսատեսը հնարավորություն կունենա քվեարկել հավանած մասնակցի օգտին ոչ թե շոուի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում, այլ «Եվրատեսիլի» հենց սկզբից: Հիշյալ կանոնը, ըստ «Արմինֆոյի», կգործի մրցույթի կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի ժամանակ: Սա մրցույթի կանոնների առաջին փոփոխությունը չէ: Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել, որի համաձայն` քվեարկությանը մասնակցած անձնավորության մասին տեղեկատվություն հրապարակելու համար պատասխանատվություն է կրելու ոչ թե հեռահաղորդակցական ծառայություններ մատակարարողը, այլ «Եվրատեսիլի» հեռարձակումն իրականացնող ընկերությունը: Այդ որոշման պատճառ է դարձել Ադրբեջանում բարձրացված աղմուկը, երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է ենթարկել երկրի քաղաքացիներին, ովքեր «Եվրատեսիլի» ժամանակ քվեարկել են Հայաստանի օգտին: Արշակյան քույրերի կողմից կատարված «Ջան-ջան» երգի օգտին քվեարկել էր Ադրբեջանի 43 քաղաքացի: