Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնում խնդիրները շատ են

Հոկտեմբեր 29,2009 00:00

Կվերանորոգվի՞, արդյոք, վանաձորյան թատրոնը

\"\"\"\"

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Տիկնիկային թատրոնը որպես այդպիսին միակն է Լոռու մարզում: 1992թ. որպես ծաղկի սրահ (առաջինն էր քաղաքում) կառուցված այս շենքի մասին քաղաքային մամուլը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է: Շենքը կարոտ է հիմնանորոգման եւ ջեռուցման կայուն համակարգ ունենալու: «Լոռու մարզ» թերթում վերջերս տպագրված խնդրահարույց հոդվածը առիթ հանդիսացավ, որ այցելեմ թատրոն: Տնօրեն Սերգեյ Մելիքյանն ասաց, որ մամուլի հրապարակումներն արձագանք են գտել պատկան մարմինների շրջանում, եւ վերջերս Վանաձորում կայացած կառավարության արտագնա նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը խոստացել է հաջորդ տարի անդրադառնալ հանրապետության թատրոններին, այդ թվում՝ Վանաձորի տիկնիկային թատրոնին՝ հիմնանորոգման եւ ջեռուցման հարցերով: Տեղեկացանք, որ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի՝ առաջիկայում աջակցություն խոստացող գրությունը թատրոնի տնօրինությունն ստացել է դեռ 2008թ. վերջերին:

Խնդիրների մասին զրույցը միշտ էլ ծանր է, ուստի Ս. Մելիքյանին խնդրեցինք պատմել թատրոնի նվաճումների մասին, հատկապես, որ այս տարի թատրոնը նշում է իր 15-րդ հոբելյանը: «Բացման օրվանից սկսած՝ բեմադրվել են հայ, ռուս, արտասահմանցի ստեղծագործողների գործեր: Մասնակցել ենք հանրապետական, համամարզային ու քաղաքային բոլոր փառատոներին՝ արժանանալով բազմաթիվ դիպլոմների, շնորհակալագրերի»,- ուրախությամբ մանրամասնեց թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, Արցախում, Վրաստանի հայաբնակ Ախալքալակ, Նինոծմինդա եւ այլ բնակավայրերում: Հոբելյանական տարում թատրոնում պատրաստում են երեք ներկայացում՝ վանաձորցի դրամատուրգ Արտյոմ Հովսեփյանի «Փայտահատի աղջիկը», Սուրեն Մուրադյանի «Արեւիկ» եւ Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» պիեսների հիման վրա: 6-7 ներկայացում էլ արդեն հասցրել են ներկայացնել քաղաքի հանդիսատեսի դատին: «Մենք երբեք հանգիստ չենք ունեցել: Տարվա բոլոր եղանակներին միշտ աշխատել ենք»,- հայտնում է Ս. Մելիքյանը՝ կրկին հիշելով հիմնանորոգման եւ ջեռուցման խնդիրները: Թատրոնը մի օր վերանորոգված տեսնելու հույսով ասում է՝ «Խոստացել են. սպասել ենք, էլի կսպասենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել