Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԵԽՏՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Հակոբ Ղազանչյանը յուրովի մեկնաբանեց հեղինակի հանրահայտ «Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» գործը

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» ներկայացման պրեմիերան: Այն մեկ գործողությամբ կատակերգություն է՝ ըստ Բ. Բրեխտի համանուն գործի:

Ամբողջ պատմությունը պտտվում է իռլանդացի բեռնակիր Գելի Գեյի շուրջ, որը գնում է ձուկ գնելու ու չի վերադառնում… ավելի ճիշտ՝ հանգամանքների բերումով վերափոխվում է զինվորի՝ Կիլկոայի զինվորական ճամբարում: Մեհյաններ պղծող զինվորներ Ուրիա Շելին, Ջեսի Մահոնին, Պոլի Բեյքերը իրենց ընկերոջ՝ Ջերայա Ջիպի փոխարեն «ներմուծում» են Գեյին, որպեսզի արածները «ջրի երես» դուրս չգան: Հակառակ դեպքում նրանց հրամանատար Չարլզ Ֆերդչայլդը՝ «Արյունոտ թաթ» մականունով, որ ավելի բարոյալքված է ու զինվորականին ոչ վայել պահվածքով, իրենց զզվելի պատիժների կենթարկի: Քանի որ իռլանդացի բեռնակիրն էլ մի քիչ հիմար էր ու դյուրահավատ՝ մի քանի շիշ գարեջրի ու ծխախոտի գնով ներքաշվում է զինվորների «գործարքի» մեջ:

Բերթոլդ Բրեխտը «Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» պիեսում խոսում է մարդու անկրկնելիության եւ նրա վրա շրջապատի բացասական ազդեցության մասին: Ասում են՝ նաեւ ենթատեքստում ֆաշիզմի քննադատությունն է: Հակոբ Ղազանչյանին հաջողվել էր գերմանացի դրամատուրգ, պոետ, արվեստի քննադատ եւ նորարար Բրեխտին ոչ միայն ինքնատիպ մեկնաբանել, այլեւ հանդիսատեսին հասցնել նրա բոլոր «մեսիջները»: Դերասանները լավ էին խաղում, բեմանկարիչ Անտոն Քեշիշյանի ու երաժշտական ձեւավորող Արթուր Կարապետյանի աշխատանքն էլ նոր գույներ էր հաղորդել բեմադրությանը: Ամեն անգամ որեւէ զվարճալի ռեպլիկից ու արտահայտությունից հետո դահլիճը պայթում էր ծիծաղից, սակայն, բնականաբար, ոչ մի լավ պիես չի ծառայի նպատակին, եթե չլինի դերասանական տպավորիչ խաղ: Հանդիսատեսին հատկապես դուր եկավ Վարուժան Մանուկյանի Գելի Գեյը, հետաքրքիր էր նաեւ տիկին Գեյը՝ Իռեն Աբելյանը:

Սերգեյ Ոսկանյանի, Ավետիք Խալաթյանի, Նարեկ Ներսիսյանի, Հովակ Գալոյանի եւ մյուսների կերպարներն էլ ստացված էին, իսկ այ, վագոն-պանդոկի տիրուհուն մարմնավորած Զարուհի Խաչատրյանը չափից շատ էր ջանք թափում ու այդ ավելորդ «լաչառությունից» նրա հերոսուհին տուժում էր:

«Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» գործի ընտրությունը արդարացվում է այնքանով, որ բրեխտյան ստեղծագործությունները միշտ արդիական են, եւ դրանցում կարող ես փնտրել մեր օրերի «բաժինը»:

Հիշեցնենք, որ Բ. Բրեխտի ստեղծագործությունները խաղացվել են ու շարունակում են խաղալ Գերմանիայի եւ աշխարհի լավագույն թատրոններում: Երբ Հիտլերի իշխանության գալուց հետո Բրեխտը 1937-44թթ. ապրել է տարագրության մեջ, այդ տարիներին էլ ծնվել են նրա լավագույն գործերը: 1948-ին Բեռլին վերադառնալով՝ Բրեխտը հիմնադրել է «Բեռլիներ անսամբլ» թատրոնը, որովհետեւ, բացի լավ գրող լինելուց, նաեւ հրաշալի ռեժիսոր էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել