Ավելի քան 80 մարդ է սպանվել չորեքշաբթի օրը Պակիստանի Թեշվարի քաղաքի մարդաշատ շուկայում տեղի ունեցած ռումբի պայթյունի արդյունքում: Երկրի իշխանությունները հաղորդել են, որ եւս 100 մարդ վիրավորվել է: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթյուններն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Պակիստան ժամանելուց մի քանի ժամ անց: Քլինթոնի այցը նպատակ ուներ աշխուժացնել երկու երկրների համատեղ պայքարը ահաբեկչության, ինչպես նաեւ տարածաշրջանում իսլամիստ զինյալների դեմ: Տեղի ունեցած պայթյունի արդյունքում նաեւ մի քանի շենք է հրկիզվել:
Չորեքշաբթի օրը հերթական ահաբեկչական ակտն է իրականացվել նաեւ Աֆղանստանում: Այստեղ թալիբ մահապարտների հարձակման զոհ է դարձել ՄԱԿ-ի համար աշխատող Քաբուլի հանրակացարանում ապրող վեց օտարերկրացի: Բացի այդ, թալիբները հրթիռակոծել են նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող Serena հյուրանոցն ու նախագահի նստավայրին մոտ գտնվող մի շենք: Պակիստանցի իրավապահների ասելով, հարձակման հեղինակները պակիստանցիներ են եղել: Ամենաքիչը երեք մահապարտ է ներխուժել հանրակացարան եւ այնտեղ ապրող օտարերկրացիներին պատանդ վերցրել: Աֆղանցի զինծառայողների եւ մահապարտների միջեւ մի քանի ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում ահաբեկիչներն իրենք իրենց պայթեցրել են: ՄԱԿ-ի որոշ աշխատակիցներ կորել են: Իրավապահները հիմա զբաղված են նաեւ նրանց որոնումներով: