Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանի նախագահի եղբայրը աշխատում է ԱՄՆ-ի համար

Հոկտեմբեր 29,2009 00:00

Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հարազատ եղբայրը աշխատում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար: Համենայնդեպս, «The New York Times»-ի փոխանցմամբ, դա չի բացառվում: Ահմեդ Վալի Քարզայը (նկարում), որը կասկածվում է նաեւ թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ առնչություններ ունենալու մեջ, մի քանի տարի շարունակ պարբերաբար փող է ստացել ամերիկյան հատուկ ծառայություններից: Այդ մասին պարբերականին փոխանցել են ամերիկյան այդ կառույցի գործող եւ թոշակի անցած աշխատակիցները:

Թերթի աղբյուրները պնդել են, որ ԿՀՎ-ն վճարել է Քարզային՝ աֆղանական զինված կազմավորումները Կանդագարի շրջանում վարչության հանձնարարությունները կատարելու նպատակով օգտագործելու համար: Հաղորդվում է նաեւ, որ նախագահի եղբայրը հատուկ ծառայություններին տրամադրում է երկրի հարավում գտնվող բազաներ եւ օգնում է ԿՀՎ-ին՝ աֆղանցիների եւ չեզոք «թալիբանականների» հետ շփումներ հաստատելու հարցում: Ահմեդ Վալի Քարզայն ինքն էլ չի հերքում, որ համագործակցում է ԱՄՆ ներկայացուցիչների, այդ թվում՝ նաեւ բանակի հետ, բայց հերքում է թմրանյութերի վաճառքին իր առնչությունն ու նաեւ ԿՀՎ-ից գումարներ ստանալու փաստը: ԿՀՎ-ն, աղբյուրի ձեւակերպմամբ՝ ինչպես միշտ նման դեպքերում, հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները:

Ի դեպ, վերջին օրերին սա երկրորդ այսօրինակ բացահայտումն է: Նախօրեին էլ Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի քույրն էր հայտարարել, թե ինքը վաղուց է սկսել աշխատել ԱՄՆ կառավարության համար եւ չի զղջում դրա համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել