Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունները՝ ըստ ամերիկացիների

Հոկտեմբեր 29,2009 00:00

«Արմենիան ռեփորթերի» խմբագիրների մեկնաբանությունները

\"\"Վաշինգտոնում տպագրվող «Արմենիան ռեփորթեր» անգլալեզու շաբաթաթերթը կտպագրվի ու կվաճառվի նաեւ Հայաստանում: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման: Վ. Լիմայի փոխանցմամբ, «Թերթի գլխավոր խմագրությունը գտնվում է Երեւանում, դրա համար նպատակահարմար գտանք մի քանի 100 օրինակով այստեղ եւս տարածել թերթը»:

Ինչ վերաբերում է թերթի քաղաքականությանը՝ «Այն անկախ է. քաղաքական թերթ է, բայց կուսակցական չէ: Թերթում տեղ են տալիս բոլոր քաղաքակիրթ ձայներին: Օրինակ՝ Արձանագրությունների խնդրով հարցազրույց ենք ունեցել թե ՀՀ նախագահի, թե Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու ուրիշների հետ: Այսինքն՝ հնչեցնում ենք բոլոր տեսակետները, պարզ է՝ քաղաքակիրթ ձեւով»:

Թերթի տպագրման եւ վաճառման առիթով Հայաստանում է նաեւ «Արմենիան ռեփորթերի»՝ Վաշինգտոնի խմբագիր Էմիլ Սանամյանը: Վերջինս կարեւորելով հայաստանաբնակ հայերի իրազեկվածությունը՝ Սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններին ու քաղաքական անցուդարձերին, խոսեց կոնկրետ Վաշինգտոնում հայկական խնդիրների ընկալումների մասին: Ըստ նրա, Վաշինգտոնում ամենաշատ արծածվող եւ մեծ հետաքրքրություն վայելող թեման Հայկական ցեղասպանության խնդիրն է. «Բոլոր հայկական հարցերը այս պրիզմայով են դիտվում Վաշինգտոնում: Տեղի հայությանը, վերջերս նաեւ օտարազգիներին, հետաքրքրում են հայ-թուրքական հարաբերությունները… Թուրքիայի իշխանությունները Վաշինգտոնում ներկայացված են իրենց լոբբիստների, զանազան կազմակերպությունների եւ իրենց դեսպանատան կողմից: Թուրքերը բացարձակապես դրական վերաբերմունք ունեն Արձանագրությունների նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Կոնկրետ Արձանագրությունների ստորագրմանն են համաձայն, որովհետեւ, իրենց տեսանկյունից, այս գործընթացի արդյունքը օգնում է Հայկական ցեղասպանության բանաձեւի դեմ իրենց մղած պայքարին: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների իշխանություններին, նրանք դրական են արտահայտվել Արձանագրությունների մասին՝ կողմ են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Ամերիկահայության ներկայացուցիչները, սակայն, դեմ են Արձանագրություններին, բայց դա չի նշանակում, որ դեմ են նաեւ հարաբերությունների նորմալացմանը»:

Հարցին՝ ի՞նչ օգուտ կտա Արձանագրությունների ստորագրումը Սփյուռքին, Է. Սանամյանը պատասխանեց. «Եթե վերցնենք շարքային ամերիկահայերին, ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք են դրսեւորում Արձանագրությունների նկատմամբ: Սա մասամբ սենտիմենտալ զգացական է, որովհետեւ կա հսկայական խնդիր Թուրքիայի եւ թուրքական իշխանությունների հետ: Այդ զգացումը երբեմն օգտագործվում է քաղաքական նպատակներով. իրենք (ամերիկահայերը- Լ. Շ.) չեն տեսնում, թե սա ինչպես է օգնում իրենց: Կա ամերիկահայերի մի խումբ էլ, որ այլ կերպ է տրամաբանում՝ եթե օգնելու է Հայաստանին հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու առումով, եթե սահմանների բացումը լավ է Հայաստանի համար, լավ է ողջ Սփյուռքի համար»:

Է. Սանամյանը կարծիք հայտնեց նաեւ Արձանագրությունների ստորագրման արդյունքում Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացի հնարավոր հետաձգման մասին. «Դրա մեջ կա իրականություն: Մյուս կողմից էլ մի քիչ չափազանցություն է այն առումով, որ Հայկական ցեղասպանության ճանաչման պայքարը նոր չի սկսվել եւ նոր չէ, որ ԱՄՆ նախագահը չի օգտագործում այդ բառը կամ Կոնգրեսում այդ բանաձեւերը չեն անցնում: Իրականությունն այն է, որ ամերիկացիներն այսօր օգտագործում են հայ-թուրքական գործընթացը, դիվանագիտությունը՝ իբրեւ պատրվակ Հայկական ցեղասպանության բանաձեւը չանցկացնելու կամ ցեղասպանությունը չճանաչելու համար: Հիմա այլեւս այս մասին խոսելու կարիք չկա, պետք է նայենք ավելի հեռուն՝ արդյո՞ք սահմանը կբացվի, արդյո՞ք Թուրքիան ղարաբաղյան հարցի նկատմամբ իր դիրքորոշումը ավելի քիչ կարծր կդարձնի, արդյո՞ք Թուրքիայում ապրող հայերի պայմանները կբարելավվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել