Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԸ ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎԵՑ

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի՝ Հայաստանի հետ իրականացվող ծրագրերում տեղ չեն տվել լեզվաբանությանն ու ազգագիտությանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS) հունվարին կնքել էին պայմանագիր, որի շրջանակներում գիտական հետազոտությունների ոլորտում համաֆինանսավորման սկզբունքով հայտարարվել էր մրցույթ: Այժմ արդեն անկախ փորձագիտական համակարգի միջոցով ամփոփվել են մրցույթի արդյունքները, որոնք երեկ հայտարարվեցին ԳՊԿ-ում: Մրցույթը հայտարարված էր երկկողմ փոխգործակցության, միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման, միջազգային գիտահետազոտական խմբերի ձեւավորման ոլորտներում: Օրինակ՝ երկկողմ փոխգործակցության ծրագրի շրջանակներում ներգրավվել են ԳԱԱ-ի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ինֆորմատիկայի եւ ավտոմատացման Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, արեւելագիտության, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԵՊՀ-ն եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը: Համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրում են ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտները, իսկ միջազգային հետազոտական խումբ ստեղծելու ծրագրում ներգրավվել է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը: Ծրագրերում ընդգրկված կառույցների ցանկում, սակայն, չկան հայագիտության կամ լեզվաբանության խնդիրները ներկայացնող ինստիտուտներ եւ կառույցներ:

Այս կապակցությամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «CNRS-ի հիմնական ոլորտները ճշգրիտ եւ կիրառական գիտություններն են»: Սակայն CNRS-ի Մոսկվայի գրասենյակի տնօրեն Վլադիմիր Մայերն իր խոսքում նշեց. «Մենք ունենք 100 միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաներ ամբողջ աշխարհում, իսկ հետխորհրդային տարածաշրջանում ունենք 10-ը, Ռուսաստանում՝ 9-ը: Վրաստանում մենք դեռ չունենք այդպիսի լաբորատորիաներ, իսկ Ադրբեջանում աշխատում է հնագիտական եւ լեզվաբանական լաբորատորիան: Այժմ Հայաստանում մրցույթում հաղթող ճանաչված ինստիտուտների լաբորատորիաները կսկսեն գործել, իսկ երկրաբանության ուղղությամբ մեկ լաբորատորիա կգործի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ»: Այն մտահոգությունը, թե ինչո՞ւ Ադրբեջանում գործում է, օրինակ՝ լեզվաբանական լաբորատորիա, իսկ Հայաստանում՝ CNRS-ի կողմից իրականացվող ծրագրերից դուրս է մնացել հումանիտար ոլորտը, պարոն Մայերն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց: Այս մտահոգության կապակցությամբ փորձեց իրավիճակը փրկել ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշեց. «Սա CNRS-ի հետ համագործակցության մեր առաջին փորձն է: Քանի որ Հայաստանում որոշ հետազոտական խմբեր արդեն կապեր ունեին ֆրանսիացի գործընկերների հետ, որոշեցինք սկզբից փորձարկել այն ծրագրերը, որոնց առումով արդեն ինչ-որ գործ արվել է: Հաջողության պարագայում ծրագրում կներգրավվեն նաեւ հումանիտար ոլորտները»:

Քանի որ այս պարագայում խոսքը բավականին մեծ գումարների մասին է (յուրաքանչյուր կողմից տարբեր լաբորատորիաների համար նախատեսված է 15 հազար եվրո, գիտական խմբերին՝ 5000 եվրո), անշուշտ՝ հավակնություններն էլ են մեծ: Ուստի «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքներով են ընտրվել այն ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նույն ծրագիրը փորձաքննություն է անցել եւ Հայաստանում, եւ Ֆրանսիայում: Միայն երկու դեպքում բարձր վարկանիշ ունեցողներն են ընդգրկվել ծրագրում»: Ծրագրում ներգրավված է նաեւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: «Առավոտը» զրուցեց տնօրեն Պավել Ավետիսյանի հետ: Նա ներկայացրեց ծրագիրը. «Մոտ 10 տարի CNRS-ի տարբեր համալսարանների հետ համագործակցում ենք: Այժմ փորձում ենք զարգացնել համագործակցությունը: Մեր ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել հետսառցային ժամանակաշրջանից՝ մ.թ.ա. 10-րդ հազարամյակից մինչեւ Վանի թագավորության ժամանակաշրջանը շրջակա միջավայրի փոփոխությունները եւ մարդու՝ դրանց հարմարվելու հետ կապված հարցերը: Դրանց հետ կապված Եվրասիա մայրցամաքում եւ այլ տարածքներում ուսումնասիրություններ կատարվել են, բայց Կովկասը եւ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ այս առումով համակարգված ուսումնասիրված չեն: Մյուս կողմից էլ CNRS-ը հագեցած է բազում լաբորատորիաներով, որոնք մենք չունենք: Բայց մենք էլ ունենք այնպիսի մասնագետներ, օրինակ՝ այդ հարցերով զբաղվող հնագետներ, երկրաբաններ, որոնց կարիքն ունի ֆրանսիական կողմը»: Տնօրենը խոսեց այն մասին, որ համագործակցության շնորհիվ ստացված արդյունքները կհրատարակվեն միջազգային մի շարք հրատարակչություններում, այսպիսով մենք էլ կլուծենք հայկական մշակույթի «հանրահռչակման» հարցը: Մեր թերահավատությանը, թե՝ նայած ինչ լույսի ներքո դա կարվի, մանավանդ ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ, պարոն Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Տարիներ աշխատել ենք իրար հետ, ուստի յուրաքանչյուրը գիտի մյուս կողմի տեսակետները: Մեր ժողովրդի ժառանգած մշակույթը մերն է եւ ոչնչից վախենալու բան չունենք: Ավելին, այսպիսի ուսումնասիրություններն են, որ թույլ չեն տալիս մեր չուզողին ուծացնելու այն ամենը, ինչ մեր ազգային ժառանգությունն է»: Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն էլ նշեց, որ իրենց IRMAS կոչվող ծրագիրը կզբաղվի ատոմներում եւ մոլեկուլներում կոերեն երեւույթների ուսումնասիրությամբ, քվանտային կոմպյուտինգի եւ հեռահաղորդակցության խնդիրներով եւ այլն:

Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են այդ ուսումնասիրություններն այսօր հրատապ ՀՀ-ի համար, մանավանդ որ, սուղ ֆինանսների պարագայում պետք է դրանք օգտագործել ըստ հրատապության: Պարոն Պապոյանը պատասխանեց. «Իմանալով Հայաստանի տնտեսության վիճակը, չգիտեմ ինչն է Հայաստանի համար հրատապ: Նրա համար հրատապ է ստեղծել այն պոտենցիալը, որ երբ հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը, մեր մշակումները ներդնենք: Մյուս կողմից էլ մեր երկիրն այսօր այնքան էլ պատրաստ չէ ընկալելու բարձրագույն գիտությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է կանգնեցնենք հիմնարար կամ կիրառական գիտությունը Հայաստանում: Մենք պարտավոր ենք ստեղծել մեր երկրի՝ որպես ուժեղ գիտության երկրի վարկանիշը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել