Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի մի փնթի օրենք

Հոկտեմբեր 29,2009 00:00

Երբ ալարում են կարդալ նույնիսկ օրենքների վերնագրերը

2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հեռարձակման բնագավառին վերաբերող օրինագծերի մի փաթեթ, որը ներառում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Մայիսի 25-ին Ս. Սարգսյանը ստորագրեց, եւ հունիսի 3-ին «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց 10 օր անց օրենքներն ուժի մեջ մտան։

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվել են փոփոխություններ եւ լրացումներ օրենքի 97-րդ հոդվածում։

Ըստ 97-րդ հոդվածի լրացումների՝ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։ Ընդ որում, ըստ ընդունված օրենքի՝

«Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝ ստուգելու համար մասնակիցների գիտելիքները.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

……

զ) Եվրախորհրդի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ» (մեջբերումն ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», N 28 (694), 3 հունիսի 2009 թ., էջ 21, ընդգծումները իմն են – Մ. Հ.):

Դե հիմա, խեղճ մրցութային հանձնաժողով, եկ ու թեկնածուների համար հարցեր նախապատրաստիր «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ, երբ այդպիսի օրենք գոյություն չունի: Կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, որում, ի դեպ, նույնպես փոփոխություններ են կատարվել նույն օրը (տնաշենները գոնե իրենց հեղինակած օրինագծերի փաթեթը նայեին): Այնուհետեւ՝ այս լուսնի տակ չկա Եվրախորհրդի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիա անունով փաստաթուղթ: Կա «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիա, որին կրճատ անվանում են Եվրոպական կոնվենցիա։

Երբ ամեն անգամ նման սխալներ հայտնաբերելիս ասում ենք, որ օրենք գրողները փնթի աշխատանք են կատարել, նեղանում են: Բա ուրիշ ի՞նչ բառով որակես այն, որ տարված լինելով շուտափույթ օրվա խնդիր լուծելով, ոչ հեղինակները, ոչ փորձաքննություն անցկացրած իրավաբանները, ոչ Բաղրամյան 26-ի խորհրդականները (որոնք սխալներով օրենքը դեմ են տվել ստորագրության Ս. Սարգսյանին՝ վերջինիս էլ դնելով անհարմար վիճակի մեջ) չեն նկատում ակնհայտ սխալը՝ փաստաթղթի անվանումը գրելով հիշողությամբ կամ այնպես, ինչպես առօրյա զրույցում են օգտագործում ու ալարելով փաստաթուղթը մի անգամ էլ աչքի անցկացնել։

Եվ ահա ստացվում է, որ ինչ-որ մեկի փնթիությունը ուղղելու համար, հիմա ԱԺ-ն ստիպված պետք է լինի օրենք ընդունել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով փոխարինելու մասին։

Ահա այսպիսի անհարմար բաներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել