Վերահսկելիության առումով նրանք որեւէ արտոնություն չունեն
Շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում բնական է, որ առաջնային պետք է դառնա հարկերի ժամանակին հավաքագրման եւ տեղաբաշխման գործընթացը, քանի որ, չնայած ստացած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող արտաքին վարկերին՝ ներքին հավաքագրումների հաշվին է առաջին հերթին ապահովվում պետության սոցիալական եւ այլ պարտավորությունների իրականացումը: Սակայն ոչ մի զարմանալի բան չկա, որ տնտեսական ճգնաժամն իր բացասական որոշակի ազդեցությունը պետք է թողներ եւ դեռ կշարունակի որոշ ժամանակ թողնել հարկային հավաքագրումների վրա: Մասնավորապես, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կանխատեսումների, սույն թվականի հոկտեմբերին կհավաքագրվի շուրջ 13,4 մլրդ դրամ, որը կզիջի նախորդ տարվա ցուցանիշին մոտ 1,6 մլրդ դրամով: Բայց սա նույնպես ճգնաժամային պայմաններում զարմանալի պետք է չթվա: Ինչպես դժվար չէր կանխատեսել՝ խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերի վրա շարունակում է բացասական ազդեցություն թողնել լեռնահումքային արդյունաբերությունը, որը, ճգնաժամով պայմանավորված, նվազեցրել է իր կողմից վճարվող հարկերը մոտ 90%-ով, ինչպես նաեւ շինարարությունը, որտեղ, չնայած վերջին ամիսներին գրանցված որոշակի աճին, անկումն ամենամեծ տոկոսն է կազմում: Վերջինը, թերեւս, նկատելի է նաեւ անզեն աչքով. բավական է տեսնել թեկուզ երեւանյան բազմաթիվ շինարարական հրապարակներում առկա «սառեցված» շինարարությունները: Այնուհանդերձ, ըստ ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության, եթե հաշվի չառնվեն լեռնամետալուրգիական ոլորտի 37 ընկերությունները, մնացյալ խոշոր հարկ վճարողները այս տարի եւս այնքան հարկեր են վճարել, որքան անցյալ տարի եւ, այդ առումով, հնարավոր է եղել պահպանել հարկերի հավաքագրման մակարդակը: Նշենք, որ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը վերահսկում է 325 խոշոր հարկատուների՝ բյուջեի հետ փոխհարաբերությունները եւ ապահովում է պետական բյուջեի եկամուտների 55-60%-ը, եւ հետաքրքրական է, որ անցյալ տարիների համեմատությամբ այս ճգնաժամային տարվա ընթացքում համամասնությունը գրեթե պահպանվել է:
Միեւնույն ժամանակ, մեղմ ասած, միամտություն կլիներ պնդել, որ հարկերի հնարավոր թաքցման խնդիրն այլեւս առկա չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ խնդիրը կարող է լինել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսում, այնուամենայնիվ, մեր հասարակությունը սովորաբար առավել ուշադիր է ճգնաժամից տեղի ու անտեղի բողոքող եւ «լացող» խոշոր բիզնեսի ու, մասնավորապես, այսպես կոչված, օլիգարխների հարկային վճարումների հանդեպ: Սա էլ հասկանալի է, քանի որ խոշոր բիզնեսի թեկուզեւ 1% հարկերի թաքցնումն ավելի մեծ ազդեցություն է ունենում հարկերի ընդհանուր հավաքագրման վրա, քան դա կարող է թողնել՝ ասենք, փոքր կամ միջին բիզնեսի նույնատիպ վարքագիծը: Այնուամենայնիվ, եթե առաջնորդվենք ՊԵԿ-ի կողմից հրապարակվող եռամսյակային խոշոր հարկ վճարողների ցանկերից, ապա ստացվում է, որ վերահսկողության տեսանկյունից խոշոր բիզնեսը որեւէ էական արտոնություններ չունի: Եվ, իսկապես, չնայած բոլոր այն խոսակցություններին, որ խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ արտոնյալ վիճակում են, այնուամենայնիվ, նաեւ փաստ է, որ յուրաքանչյուր եռամսյակում հրապարակվող խոշոր հարկատուների ցանկերում այդ գործարարները գտնվում են բավականին բարձր հորիզոնականներում:
Ի դեպ, գուցե շատերի համար տարօրինակ թվա, սակայն հենց այս ճգնաժամային տարում առավել, քան նախորդ տարիներին առաջնային է դարձել գերավճարների ժամանակին վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին: Այս խնդիրը նաեւ ներառված է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ցանկում ու կարծես այս անգամ զուտ թղթի վրա «գործող» դեկլարատիվ բնույթ չունի: Իսկ գերավճարների ժամանակին վերադարձը հնարավորություն է ընձեռում ընկերություններին՝ ժամանակին համալրել իրենց շրջանառու միջոցների պակասը:
Բացի այդ, այս դրական միտումը կվերադարձնի հավատը մեզանում գործող օրենքների կենսունակության հանդեպ եւ կնպաստի բարենպաստ գործարար մթնոլորտի ձեւավորմանը: Ի վերջո, սա նաեւ որոշակի ազդակ է, որ կառավարությունը եւ ՊԵԿ-ը աստիճանաբար հրաժարվում են ամեն գնով բյուջեն համալրելու՝ նախորդ տարիների արատավոր պրակտիկայից:
Ու մինչ կոնկրետ ցուցանիշներին անցնելը, թերեւս տեղին է նկատել, որ թեեւ մեզանում շատ են խոսում գերավճարների մասին, սակայն քչերն են տեղյակ, թե դա ինչ է եւ ինչու է իրականացվում: Եթե հարցնենք մեր բնակչությանը ու, մասնավորապես, գործարարներին, նրանցից շատերը կպատասխանեն, որ դա բյուջեի պակասորդը լրացնելու տարբերակ է, որ կիրառում է ՊԵԿ-ը: Իսկ տնտեսագիտական բառարանում կարդում ենք, որ գերավճարը որեւէ ժամանակաշրջանի համար կազմակերպության ներկայացրած հաշվետվությունների եւ վճարային պարտավորությունների տարբերությունն է: Եթե տարբերությունը բացասական է՝ ապառք է, եթե դրական՝ գերավճար: Եվ գերավճարի առաջացումն օբյեկտիվ տնտեսական հիմքեր ունի: Օրինակ, երբ ընկերությունն իրականացնում է արտահանում զրոյական դրույքաչափով, իր մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկը գերավճար է առաջացնում եւ դա ենթակա է վերադարձման կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին: Գերավճար առաջանում է նաեւ ներմուծման դեպքում՝ մաքսային ծառայություններին վճարած ԱԱՀ գումարներից, այն չափաքանակի մասով, որ տվյալ ժամանակահատվածում չի հաջողվել իրացնել: Սակայն կա նաեւ, այսպես կոչված, գերավճարների տեսակ, որոնք իրականում ժամանակին չարտացոլված հարկերի արդյունք են եւ, դատելով ՊԵԿ-ի ղեկավարների հայտարարություններից, այդ հարցում ՊԵԿ-ում հանգել են նրան, որ պետք է բացառել այդպիսի «գերավճարների առաջացումը», եւ գտնում են, որ պետք է ֆիքսել իրական հարկերը: Այս առումով, կարծես թե, «սառույցը» իսկապես շարժվել է եւ, գերավճարների վերադարձման առումով, այս տարի զգալի առաջընթաց է գրանցվել: Եթե տարեսկզբին 325 խոշոր հարկ վճարողների գերավճարը կազմել է 79,2 մլրդ դրամ, ապա հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 62,4 մլրդ, ընդ որում՝ 1,5 միլիարդը հաշվանցվել է այլ պարտավորությունների հաշվին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է այդ գումարը նվազեցնել եւս 9 միլիարդով:
Իսկ գերավճարների առաջացման աղբյուրներից առաջին տեղում են ԱԱՀ գծով գերավճարները, որ կազմում է ընդհանուրի 65%-ը, մոտ 18%-ը շահութահարկի գերավճարն է: Ըստ ՊԵԿ-ի, այդ չափով շահութահարկի գերավճարի առաջացումը եւս օբյեկտիվ պատճառ ունի: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ էլ աշխատել է գերշահույթներով, սակայն անցյալ տարվա շահութահարկի կանխավճարներն արդեն գերավճար են առաջացրել: Գերավճարներից 16,3%-ը այս ցուցակում բաժին է ընկնում եկամտահարկին, իսկ 0,8%-ը առաջանում է ակցիզային հարկի մասով: Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ գերավճարների վերադարձման եւ պակասեցման գործընթացը լուրջ խթան է հանդիսանում մեզանում բիզնեսի ավելի «կոմֆորտային» պայմաններում գոյատեւելու, իսկ այս միտումների շարունակական լինելու դեպքում՝ նաեւ զարգանալու համար:
Բնականաբար, լուրջ ակնկալիքներ պետք է որ լինեն նաեւ մոտ ապագայում խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչների նշանակումից՝ մի գործընթացից, որը լուրջ դժգոհություն առաջացրեց որոշ օլիգարխիկ շրջանակներում: Սակայն սա, հավանաբար, առանձին եւ հանգամանալից խոսակցության թեմա է: