Դրամաշնորհը ծախսվել է, բայց սողանքները շարունակվում են եւ ակտիվանում
Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Գոշ գյուղի բնակիչները տագնապահար են: Սկսվել են աշնանային անձրեւները, սողանքային երեւույթներն ավելի են ակտիվացել: Գյուղի կենտրոնից բարձրանում եմ վերեւ: Թեքության վրա քանդված ճանապարհներ են: Միայն մի տեղ կիսախողովակով ջուր է հոսում: Սա ճապոնական դրամաշնորհով այստեղ մի քանի տարի առաջ իրականացված հակասողանքային ծրագրից է մնացել: Մնացած տեղերում կիսախողովակները դատարկ են կամ հողով լցված: Գոշի բնակչուհի Սիլվա Վերանյանը ցույց է տալիս հողի մեծ կույտը. «Այստեղ ճանապարհ կար, սողանքը եկել է, փակել»: Գյուղի դպրոցի դասվար Լաուրա Մատինյանը եւս մատնացույց է անում փակված ճանապարհը եւ տնից բավական հեռավորությամբ թափված վառելափայտը, որը ճարահատ ձեռքով են կրում: Լաուրա Մատինյանն ասում է, որ մինչեւ 88-ի երկրաշարժն էլ այստեղ հողը դղրդում էր: 1992 թվականին գեոդեզիայի մասնագետները ընդերքի ուսումնասիրություններ կատարելով՝ բնակիչներին ասել են, թե հողի շերտը հազիվ 15 տարի դիմանա: «6 տարեկան երեխայիս սարսափով եմ դպրոց ուղարկում, հանկարծ ճանապարհին բան չպատահի»,- ասում է Լաուրան: Գոշեցի Բորիս Գրիգորյանը պատմում է, որ 2005-2006 թվականներին ճապոնական դրամաշնորհով մասնագետներն այստեղ հետազոտություններ են կատարել, որից հետո կիսախողովակների միջոցով իրականացրել ջրահեռացում: «Արտասահմանցի մասնագետները գործի որակի մասին մեզ միայն «գուդ, գուդ» ասացին ու հեռացան: Հիմա երբեմն գետնի տակից ահավոր ձայներ են լսվում՝ դընգ-դընգ»,- դժգոհում է Բորիսը եւ հավելում իր գնահատականը դրամաշնորհով իրականացված ծրագրին՝ «Սա նորմալ ջրահեռացում չէ, ավազակային ջրահեռացում է»:
Իսկ «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը բացատրում է, թե ինչու մակերեսային ջրահեռացման աշխատանքները չէին կարող արդյունք ունենալ. «Թաղամասի վերեւի հատվածում սողանքը՝ 30 մ, ներքեւում 8 մ խորությամբ է: Հողի մակերեսին ջրահեռացման համար տեղադրված մի քանի կիսախողովակները օգուտ չեն տալիս»: Արծրունի տունը կիսափլված վիճակում է, եւ նա հարկադրված բնակվում է գյուղից բացակայող հորեղբոր տղայի տանը: Գոշի ավագանու անդամ Գառնիկ Արզումանյանը էլցանցի հսկիչ է: Սողանքի պատճառով արդեն հինգ օր այդ թաղի 4 ընտանիքի էլեկտրասնուցումը անջատվել է: Տներից մեկում միայնակ ծեր, կույր կին է ապրում՝ Սերիկ Գրիգորյանը: «Ինչպե՞ս բարձրանամ հենասյունը, դրա տակից հողը փախել է, թող կառավարությունից գան այս մարդկանց հարցերը լուծեն»,- ասում է Գառնիկը: Նրա վկայությամբ՝ Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը մի քանի անգամ նորոգել է սողանքից վնասված ճանապարհը, սակայն դա էլ չի օգնում:
Բնակիչներն ակնարկում են, որ հակասողանքային ծրագիրն իրականացնողները դրանից «լավ օգտվել են», գյուղից «ինոմարկայով» են հեռացել: Մի բնակչուհու էլ զայրացրել էր Հանրային հեռուստատեսությամբ տրված ռեպորտաժը, թե իբր Գոշում սողանքը դադարել է:
Սողանքների վրա ապրող բնակիչները, իրար ընդհատելով՝ պատմում էին իրենց ցավուդարդի մասին: Բոլորն էլ ցանկանում էին իրենց վթարային տները ցույց տալ: Շուրջբոլորը խոնավության խեղդող հոտն է:
88-ամյա Վարդուշ Դավթյանը հուսահատ է, հսկա հողակույտը գրեթե սեղմվել է առանձնատան ետնապատին: Ստիպված գյուղի ներքին թաղամասից՝ Ներքին Գոշից կանչել է թոռանը, ով բահով տոննաներով հող է հեռացրել, սակայն վտանգը չի հեռացել: «Մատներիդ մատաղ, մի հնար արա»,- վերջին հույս փայփայելով՝ լրագրողին խնդրում է ծեր կինը եւ արտասվում:
Գոշի համայնքապետարանի քարտուղար Լենա Արզումանյանը փաստում է, որ 1142 բնակիչ ունեցող գյուղում՝ 65 տուն սողանքից վթարային վիճակում է: Համայնքապետարանը դիմել է կառավարություն, որպեսզի այդ տների վթարայնության աստիճանը ճշտվի: Վթարային տների տերերի 70%-ն ահը սրտում ապրում է խարխլված տներում, մի մասը գյուղի այլ հատվածներ է տեղափոխվել, 4 ընտանիք էլ հեռացել է համայնքից: «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքերով՝ սողանքը սպառնում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանին: