Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների նկատմամբ արդարացման վճիռներ չկան

Հոկտեմբեր 29,2009 00:00

Աճել են ոստիկանության աշխատակիցների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները

ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց մամուլի ասուլիսներում անդրադառնում են միայն շարքային քաղաքացիների կողմից կատարված հանցագործություններին, «դուխ չունենալով» անուն առ անուն նշել ուժային, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների մասին:

Մասնավորապես, նույնը կրկնվեց նախորդ օրը տեղի ունեցած կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ: Մինչդեռ, ոստիկանների կողմից կատարված հանցագործությունները տխուր մտորումների տեղիք են տալիս:

Ոստիկանության աշխատակիցների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու վերաբերյալ 2008 թ. եւ 2009 թ. 9 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 40 քրեական գործ՝ 49 անձի վերաբերյալ, որոնցից 38-ը՝ 45 անձի վերաբերյալ, ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, ՀՀ ազգային անվտանգության քննչական ծառայության կողմից:

Դրանցից 18 քրեական գործ՝ 19 անձի վերաբերյալ, դատարան է ուղարկվել 2008 թ., իսկ 22 քրեական գործ՝ 30 անձի վերաբերյալ, 2009 թ. 9 ամիսների ընթացքում:

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2009թ. ավելացել է ոստիկանության աշխատակիցների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի եւ քրեական պատասխանատվության ենթարկված ոստիկանների թիվը: Միայն 2009 թ. 9 ամիսների ընթացքում ավելի շատ քրեական գործ է ուղարկվել դատարան՝ ավելի մեծ թվով ոստիկանների նկատմամբ, քան 2008 թ. ամբողջ տարվա ընթացքում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 49 մեղադրյալներից 15-ին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված), 11-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), 10-ին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված), 4-ին՝ գողություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված), 2-ական՝ խարդախության (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդված), փաստաթղթեր կեղծելու, իրացնելու, օգտագործելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), 1-ական՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերում (ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդված), մաքսանենգությանն օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդված), դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված):

Ուշադրության արժանի է, թերեւս, այն, որ նշված քրեական գործերով դատարանների կողմից այս տարվա հոկտեմբերի 10-ի դրությամբ արդարացման դատավճիռներ չեն կայացվել: Դատարանների կողմից մեղադրյալները դատապարտվել են տարբեր պատժատեսակների՝ ընդհուպ 7,5 տարվա ազատազրկման: Խոսքը ՀՀ ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վ. Կիրակոսյանի՝ 7,5 տարվա ազատազրկման դատապարտվելու մասին է: Նա քաղաքացի Ս. Հովսեփյանից, նրա վերաբերյալ իր վարույթում նախապատրաստվող նյութերին ընթացք չտալու նպատակով, $3500 կաշառք էր ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել