Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 23-ի դրվագով»

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Պարզաբանենք, որ այս քրեական գործը բաղկացած է երկու դրվագից. մեկը վերաբերում է 2007թ. հոկտեմբերի 23-ի երթին, մյուսը՝ մարտի 1-2-ի հանրահավաքին ու դեպքերին: Առայժմ դատարանում քննվում են «երթի գործով» վկաները: Վկա՝ Վազգեն Սերոբյանը հայտնեց, որ Բժշկական համալսարանի գետնանցումով բարձրանալիս լսել է ցուցարարների ձայները: Նա Նիկոլին տեսել է բարձրախոսով «ժողովրդին առաջ տանելիս», ապա տեսել է, թե նա ինչպես է հարվածել ոստիկանի ոտքին: Վկան չկարողացավ նկարագրել, թե ինչպես էր Նիկոլը ժողովրդին «առաջ տանում»:

Վկա Կարեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ «Ուրարտու» խանութի դիմաց, գետնանցումի մոտ տեսել է ցուցարարներին: Նիկոլը տպավորվել է, քանի որ եղել է բարձրախոսով: Այս վկան էլ էր տեսել, թե ինչպես է Նիկոլը հարվածել ոստիկանական հագուստով մեկին: Նա ասաց, որ «տվյալներ է տվել» քննիչին եւ հարցաքննվել է մեկ անգամ: Անհասկանալի մնաց, թե այս վկան ինչո՞ւ է հանձն առել «տվյալներ տրամադրել» քննիչին:

Դատական նիստը կշարունակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել