Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԸ ՑՄԱ՞Հ Է ՏՈՒԳԱՆՎԵԼՈՒ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Ճանապարհային ոստիկանները դեռեւս 2007թ. մայիսի 17-ին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 3000 դրամ տուգանքով պատժեցին երկրորդ խմբի հաշմանդամ Վանյա Հակոբյանին:

Նա 9 օրվա ընթացքում պետք է մուծեր նշված գումարը: Վ. Հակոբյանը, լուսանկարում պատկերված կտրոնի համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկի» Շենգավիթի մասնաճյուղում մայիսի 26-ին վճարեց նշված գումարը:

Մեծ եղավ Վանյա Հակոբյանի զարմանքը, երբ իրեն 2008թ. նոյեմբերի 27-ին կանչեցին Դատական ակտերի հարկադիր ծառայություն, որպեսզի «ԴԱՀԿ մասին» օրենքի 67 հոդվածի «բ» կետի համաձայն մուծի «այն» տուգանքը, որը ճանապարհային ոստիկանները նշանակել էին մեկ տարի առաջ՝ 2007թ. մայիսին: Ավելորդ գլխացավանքից ազատվելու համար Վ. Հակոբյանը նույն օրը մուծեց 5000 դրամը, քանի որ իր արդարացումներին՝ թե մուծել է տուգանքը, չհավատացին:

Վ. Հակոբյանն այդ ժամանակ չէր գտնում բանկի «բարաթ»-կտրոնը, որպեսզի մեկ տարի հետո ապացուցեր իր խոսքերի ճշմարտացիությունը: Նրան, ինչպես շատ վարորդների, հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ ինքը պետք է պահի վճարման կտրոնը, երբ անցել է մեկ տարի: Համենայնդեպս, չկա մի օրենք, որով պարտավորեցնեն վարորդին ցմահ պահել կտրոն կոչվածը:

Սակայն Վ. Հակոբյանի ոդիսականը դրանով չավարտվեց:

2008թ. դեկտեմբերի 8-ին ԴԱՀԿ ծառայությունը «պարտապան» Վանյա Հակոբյանից «բռնագանձեց» եւս 15 000 դրամ:

Երբ Վ. Հակոբյանը գտավ իր 2007թ. տուգանքի վճարման կտրոնը, նա արդեն «պետությանը» նվիրել էր 23 000 դրամ: Մի բան պարզ է, որ 3000 դրամն ինչ-որ մեկը լափել էր եւ այն տեղ չէր հասել: Հաշվարկն էլ դա է. Վանյա Հակոբյանի նմաններին ծուղակի մեջ գցել, այն էլ մեկ տարի անց:

Պատկերացրեք, Վ. Հակոբյանի «մեղքի բաժինն» ունեցող 1000 վարորդի նկատմամբ 3000 դրամ տուգանք են նշանակում: Գումարը «նստում» է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռի վրա: Սակայն լավ գիտեն, որ «իրավախախտ» վարորդը իր մոտ հաստատ մեկ տարի չի պահի կտրոն կոչվածը եւ նրան են ուղարկում հիմա էլ 5000 դրամ գումարի բռնագանձման մասին ծանուցումը: Այս գումարը արդեն բյուջե կգնա:

Վ. Հակոբյանը մտադիր է իրենից կորզած ավելի գումարը պահանջել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել