Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԲԱԼԻԿԻՆ ՎՆԱՍԵԼ ԵՆՔ

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Նկարում պատկերված «Libero» ընկերության թաց անձեռոցիկներն օգտագործելիս 1 ամսական Անյուտիկի մաշկի վրա այնպիսի խորը վերքեր ու խոցեր են առաջացել, որ ծնողները ստիպված են եղել լուրջ բուժում իրականացնել՝ երեխայի մաշկը վերականգնելու համար: Նրա մանկաբույժը, տեսնելով վերքերը, նշանակել է դեղատների լաբորատորիաներում պատրաստվող ստրեպտոցիտի փոշիով հատուկ քսուք: Անյուտիկի մոր պատմելով՝ «երբ այդ փոշին մի փոքր մատիս էր կպչում, մաշկս իսկույն չորանում էր, այնքան ուժեղ դեղ էր, բայց երեխայիս մաշկն այնպես էր վնասվել, որ 15 օր մշակելուց հետո նոր հաջողվեց մաշկի սուր գրգռվածությունն անցկացնել»: Նշենք, որ «Libero»-ն մանկական հիգիենիկ պարագաներ արտադրող բավականին հայտնի ընկերություն է, եւ այդ ընկերության ապրանքները շուկայում աչքի են ընկնում իրենց թանկությամբ: Կոնկրետ նկարում պատկերված այդ անձեռոցիկի վրա հատուկ կնիքով նշված է, որ դերմատոլոգների կողմից փորձարկված է եւ լիովին անվնաս՝ երեխաների համար: Ավելին, տուփի վրա նաեւ մակնշված է, որ անձեռոցիկներն ալկոհոլ չեն պարունակում, այնպիսի բուսական նյութով են, ինչպիսին է ալոեն, որի շնորհիվ ամեն անձեռոցիկ խնամում է մանկան մաշկը: Մինչդեռ, երբ ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը փոխանցեցինք, թե իրենց վստահեցրած «անվնաս ու մաշկի մասին հոգ տանող» անձեռոցիկներն ինչպիսի խորը փոսեր ու այրվածքներ են առաջացրել երեխայի մաշկի վրա, ընկերությունից սկզբում վստահեցրին, որ հավանաբար ծնողը կեղծ արտադրանք է օգտագործել: Սակայն, երբ կոդերով համեմատեցին, ընդունեցին, որ հենց օրիգինալ արտադրանքն է: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով. «Փամփերսներից որոշ բողոքներ լսել էինք, բայց անձեռոցիկների համար առաջին անգամ ենք լսում, որ երեխայի մոտ խնդիրներ են առաջացել: Ի՞նչ կարող ենք ասել, կներեք, առողջություն այդ բալիկին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել