Մեր տնտեսության 18,5%-անոց անկումը մինչեւ տարվա վերջ կմոտենա 15%-ի: Հաջորդ տարի կլինի տնտեսության վերականգնման փուլ: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կանխատեսումներ է արել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ անկման ամենացածր մակարդակը գրանցվել է հուլիսին, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն նկատվել են տնտեսական աճի միտումներ:
Անդրադառնալով 2010-ի պետբյուջեին, պարոն Դավթյանը նշեց, որ բավականին լուրջ հիմքեր կան մտածելու, որ ներկայացված նախագիծը կիրականացվի հաջորդ տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է պետբյուջեով նախատեսված 183 մլրդ դրամ դեֆիցիտին, ապա, նախարարի հավաստմամբ, դեֆիցիտի ֆինանսավորման բոլոր աղբյուրներն այս պահին կան. «Նույնիսկ ավելի ռեսուրսների հնարավորություններ կան: Բյուջեի դեֆիցիտի կեսը փակվելու է ներքին, կեսը՝ արտաքին աղբյուրների հաշվին»:
Տ. Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ միջազգային կառույցների հետ բանակցություններ են ընթանում ներգրավված վարկերի հետ կապված՝ որպեսզի վարկավորման պայմանները դառնան ավելի մատչելի, երկարացվեն ժամկետները: Նման բանկացություններ ներկայումս ընթանում են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ: Նախարարը խոսեց նաեւ մեր պետության արտաքին պարտքի վերաբերյալ՝ նշելով, որ այն գտնվում է թույլատրելիի սահմաններում: Նրա խոսքերով. «2009-ի պետական պարտքը գտնվում է ՀՆԱ-ի 50% հարաբերակցությամբ, իսկ թույլատրելի սահմանը 60% է»: