Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր գործարարների գլխին մարդ նշանակեցին

Հոկտեմբեր 29,2009 00:00

Չնայած խորհրդարանական գործարարների բուռն ըմբոստությանը, այնուամենայնիվ, Ազգային ժողովը որոշեց, որ խոշոր գործարարների ընկերություններում պետք է անպայման հարկային տեսուչ լինի՝ նրանց ապրանքների ելքն ու մուտքը վերահսկելու համար:

Օրենքի նախագիծը երեկ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Ըստ այս օրենքի, խոշոր ընկերություններում Պետական կոմիտեի ներկայացուցիչը պետք է ստուգի արտադրության բաց թողնված ծավալները, գները եւ իրացման հետ կապված փաստաթղթերը: Ընդ որում, հարկային տեսուչն արտադրության գործընթացին չի խառնվում, քանի որ ակցիզային հարկմանը վերաբերող գներն ու փաստաթղթերը նույնպես վերահսկելու է ակցիզային պահեստում: Հիշեցնենք, որ խորհրդարանում փաթեթի քննարկման ժամանակ գործարար պատգամավորները դժգոհում էին, որ իրենց արտադրամասերում տեսուչի ներկայությունը կխանգարի իրենց գործունեությանը, քանի որ կողմնակի մարդ է մտնում իրենց փաստաթղթերի մեջ, ինչն էլ իսկական հարկային տեռոր է: Այս դժգոհությունները հաշվի առնելով՝ օրենքի հեղինակը՝ ՀՀ կառավարությունը, որոշեց, որ հարկային տեսուչ պետք է լինի բոլոր խոշոր ընկերություններում, բացառությամբ՝ գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվողների: Այս փոփոխությունից հետո, խորհրդարանում կրքերը հանդարտվեցին: Նշենք նաեւ, որ, ըստ օրենքի, գործարարների մոտ խախտում արձանագրելու դեպքում՝ տեսուչն իր դիտողությունները ներկայացնելու է իր հսկողության տակ եղած ընկերության ղեկավարությանը, այլ ոչ թե միանգամից Պետեկամուտների կոմիտեին, որպեսզի խոշոր ընկերությունները տույժերից զերծ մնան եւ սխալը ուղղելու հնարավորություն ունենան:

Նշենք, որ կառավարությունն այս օրենքի փոփոխությունը ներառում է հակաճգնաժամային ծրագրերի մեջ, որով իբրեւ թե թեթեւացնում է հարկային բեռը ու հեշտացվում է հարկային մարմինների աշխատանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել