Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում երեկ սկսվեց Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Գրիգորյանի եւ Անդրանիկ Մանուկյանի դեմ գործով դատաքննությունը: Նրանք 2008-ի մարտի 2-ի լուսադեմին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ ոտքերով ու ձեռքերով հարվածել են քաղաքացիներին: Սակայն ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում եւ գտնում են, որ գործել են իրենց լիազորությունների շրջանակում: Նիստում ցուցմունքներ տվեց վկա, ՊՊԾ գնդի առաջին վաշտի հրամանատար Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա, Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ խանութների թալան էր տեղի ունենում: Այնտեղ շատ բազմություն կար, որը իրենց հայտնվելուն պես ցրվել է: Մնացել են 3 հոգի. քաղաքացիներից մեկն առանց դիմադրություն ցույց տալու ընդունել է իրենց հրավերը եւ նստել ոստիկանության մեքենան, իսկ 2-ը «այլանդակ հայհոյանքներ էին տալիս իրենց ծնողների հասցեին»: Այդուհանդերձ, ըստ վկայի, օրինազանց քաղաքացիներին ոստիկանները բերման չեն ենթարկել, որովհետեւ նրանք ներողություն են խնդրել, իսկ իրենք էլ համոզվել են, որ նրանք թալանչիներ չեն: «Գրիգորյանը եւ Մանուկյանը բռնություններ գործադրե՞լ են» մեղադրող Աշոտ Նադոյանի հարցին ի պատասխան վկան հայտարարեց, որ «երկու հատ խփել են», եւ որ ամբաստանյալներն առհասարակ պարտաճանաչ եւ նորմալ ծառայողներ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել