Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր պատմաբանները կաշխատեն հանձնաժողովում

Հոկտեմբեր 29,2009 00:00

Թուրքիայում եւս, ինչպես եւ Հայաստանում, այս առնչությամբ հստակություն չկա

«Հյուրիյեթը» հոկտեմբերի 19-ին մի հրապարակման մեջ նշել էր, թե թուրքական կառավարությունը ոչ պաշտոնապես հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ղեկավար է նշանակել պոլսահայ մի գիտնականի:

Թերթի տվյալներով, այդ պատմաբանն անցյալ տարի Երեւանում ուսումնասիրություններ է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: Նշվում էր նաեւ, որ նա հայազգի առաջին պատմաբանն է, ով 1974-ին ստացել էր այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Ֆահրի Քորություրքի թույլտվությունը` Օսմանյան արխիվներում աշխատելու համար:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը կենսագրական այս փաստը հիմք է տվել եզրակացնելու, որ խոսքը պոլսահայ պատմաբան եւ լեզվաբան Բարսեղ Թուղլաջյանի մասին է, որն էլ եղել է նախագահ Քորություրքից նման թույլտվություն ստացած գիտնականը: Թուրքական աղբյուրներում նա ավելի հաճախ հիշատակվում է որպես Փարս Թուղլաջը:

Բարսեղ Թուղլաջյանը, որն օրերս գտնվում էր Երեւանում՝ հրաժարվել է «Երկիր Մեդիային» մեկնաբանություն տալ ինչպես պատմաբանների հանձնաժողովը գլխավորելու համար իր թեկնածության առաջադրման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին առհասարակ: Նա խոստացել է այդ թեմայի շուրջ խոսել 3 ամիս անց, երբ կրկին Երեւան է գալու իր գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

Հավելենք, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Իսմեթ Յըլմազի հետ Անկարայում հոկտեմբերի 15-ի հանդիպման ժամանակ էլ «Առավոտը» փորձեց պարզել, թե թուրք ո՞ր պատմաբաններն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մաս կազմել միջկառավարական այն ենթահանձնաժողովում, որը հայ-թուրքական արձանագրությունների համաձայն՝ պիտի իրականացնի «երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Իսմեթ Յըլմազն ի պատասխան ասաց, թե նման տեղեկություն չունի: Եվ նշեց, թե այս խնդրի լուծմանն առնչվող երկու խումբ կա՝ «Կառավարության արխիվները եւ թուրքական պատմական հիմնադրամը, որոնք անջատ են գործում մեր նախարարությունից, մասնավոր հիմնադրամներ են: Եվ այս երկուսը պետք է որոշեն, թե ով պիտի լինի այդ հանձնախմբի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել