Եվ, ըստ Սերգո Երիցյանի՝ «այլեւս անհնարին է հրաժարվել այդ ճակատագրից»
– Արդեն մոտ երկու տարի քաղաքական դաշտում չեք երեւում, ինչո՞վ եք զբաղված, մտադիր չե՞ք վերադառնալ քաղաքականություն:
– Դժվար է միանշանակ ասել, որ քաղաքականությունից հեռացել եմ, քանի որ հնարավոր չէ պետության, հասարակության, մարդու խնդիրներից հեռու մնալ: Ավելի ճիշտ, կարելի է ասել, ժամանակավոր դադար եմ վերցրել՝ անցած-գնացածը արժեւորելու, գնահատելու, ապագայի ծրագրեր կազմելու համար:
Իսկ առօրյա զբաղմունքի առումով այս երկու տարվա ընթացքում հրատարակել եմ հինգ գիրք՝ նվիրված կրթության եւ հեռուստատեսության հիմնախնդիրներին: Հեռուստալրագրություն եմ դասավանդում, ղեկավարում թեկնածուական ատենախոսություններ: Հայրենակիցներով ստեղծել ենք «Լոռվա Ձոր» միությունը, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել՝ առանձնահատուկ ոգի հաղորդելով մեր մեծ հայրենակից՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին եւ աջակցելով շուրջ 15 անուն գրքերի տպագրությանը: Այս նույն ընթացքում ավելի շատ ժամանակ ունեմ վայելելու ընտանեկան անդորրը եւ ընկերական միջավայրը՝ զբաղվելով նաեւ ստեղծագործական եւ գիտական որոնումների եւ մտահղացումների իրականացմամբ:
– Ձեր խոսքում նշեցիք «Լոռվա Ձոր» հայրենակցական միության մասին: Հատկապես ընտրություններից առաջ ընդունված է ստեղծել հայրենակցական միություններ, որոնք ծառայում են որեւէ քաղաքական ուժի: Դուք ի՞նչ խնդիրներ եք դրել ձեր առջեւ:
– Նախ ինքս անկուսակցական եմ, եւ խնդիր չկա հայրենակցական միության ազնիվ գաղափարը՝ խարսխված հայրենի եզերքի նկատմամբ սիրո, հարգանքի եւ նվիրվածության վրա, փոխարինել քաղաքական պայքարի հորձանուտով: Մեր խնդիրն է միշտ սերտ պահել Երեւանում, հանրապետության այլ մարզերում ապրող Լոռվա ձորից սերված մարդկանց կապը հայրենի հող ու ջրի, թումանյանական բնաշխարհի հետ՝ հետեւելով մեծ լոռեցու՝ իր հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո դասերին եւ կենսափիլիսոփայությանը: Այս ամենից ելնելով՝ մեր առաջնային խնդիրը լոռեցիների կամ նրանց համակիրների ջանքերի միավորումն է նաեւ մեր հայրենակիցների հոգսերի ու խնդիրների բարձրացման եւ լուծման ուղղությամբ: Եթե մարդը ցանկություն ունի դեմքով շուռ գալու դեպի իր հայրենի եզերքը, որպես հայրենակից՝ մենք պարտավոր ենք նրա հետ լինել: Մեր խնդիրներից է նպաստել տնտեսական, մշակութային, կրթական կյանքի աշխուժացմանը: Մինչեւ տարեվերջ կանցկացվի մեր հայրենակիցների հետ ավանդական հանդիպում-տոնահանդեսը:
– Վերադառնալով քաղաքական խնդիրներին՝ չեմ կարող չհարցնել արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին: Հայ-թուրքական արձանագրությունների խորհրդարանական լսումների ժամանակ ձեր անունը մի քանի անգամ հոլովվեց, մարդիկ հիշեցին, թե ինչպես էր ՀՀ առաջին նախագահը ձեզ «հույս» տալիս, ասելով՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Այսօր հարցը դեռ լուծված չէ, սակայն հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ են սկսվել: Դուք կո՞ղմ եք այն արտաքին քաղաքականությանը, որը վարում են այսօրվա իշխանությունները, ավելի կոնկրետ՝ նախագահ Սերժ Սարգսյանը:
– Հանրապետության նախագահը հայտարարել է, որ կողմնակից է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ դեմ է Հայաստանի նկատմամբ թշնամական եւ փակ սահմանների քաղաքականության շարունակմանը: Արտաքին քաղաքական զարգացումները եւ իշխանությունների ակտիվ նախաձեռնողական քաղաքականությունը հանգեցրել են Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացի, որը իմ կարծիքով՝ կարող է երկար տեւել: Այս պարագայում կարելի է քամուն հակառակ չգնալ կամ պաշտպանվելու համար քամու դեմ պատնեշներ չկառուցել: Այլ ընդհակառակը՝ կարելի է կառուցել հողմաղացներ եւ դրանցից բարիքներ քաղել: Չմոռանանք, որ այս ամենը շարունակական գործընթաց է, որից կողմերը պետք է ձգտեն առավելագույն դրական արդյունքներ ունենալ՝ հօգուտ իրենց ազգային շահերի: Որեւէ մեկը չի կարող համոզված լինել, թե այս գործընթացը իր մեջ սպառնալիքներ եւ ռիսկեր չի պարունակում: Հենց այդ պատճառով մեր քաղաքականությունը ամբողջությամբ պետք է հիմնված լինի այդ ռիսկերի եւ վտանգների չեզոքացման վրա:
– Քաղաքական գործիչների մի մասը պնդում է, որ այս գործընթացը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում, մասնավորապես Թուրքիան եթե ոչ արձանագրություններում, ապա անուղղակի հայ-թուրքական հաշտեցումը ածանցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից: Արդյոք դա կարո՞ղ է հանգեցնել բանակցություններում հայկական կողմից առավելագույն զիջումների կորզմանը:
– Բնականաբար, Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է փորձեն առավելագույն զիջումներ կորզել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ: Հենց դրան էլ միտված են նրանց անընդհատ կրկնվող ռազմատենչ, ագրեսիվ հայտարարությունները, որը ես կորակեի շանտաժի քաղաքականություն: Ադրբեջանը ռազմատենչ կեցվածք է ընդունել եւ տարեցտարի մեծացնում է երկրի ռազմական բյուջեն, ինչը իրենից մեծ վտանգ է պարունակում տարածաշրջանի անվտանգության համար: Հենց այդ պատճառով անթույլատրելի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստատուս-քվոյի խախտումը՝ մինչեւ բանակցություններում հիմնարար բոլոր սկզբունքների համաձայնեցումը, նախեւառաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի միջազգային ամրագրումը, այլապես ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման առումով կարող ենք խնդիրներ ունենալ:
– Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի քայլերը հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ, ոմանք վստահ են, որ նախագահը լրջագույն քայլ է կատարում եւ փորձում է անել այն, ինչ տարբեր պատճառներով չարեցին առաջին երկու նախագահները:
– Նախագահ Սերժ Սարգսյանին շատ ծանր քաղաքական շրջան է բաժին ընկել: Երկրի բազմաթիվ խնդիրներին գումարվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ իր ամենատարբեր հետեւանքներով, արտաքին քաղաքական այն մարտահրավերներով, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ: Անշուշտ, քաղաքական կամք է պետք օրակարգում առկա արտաքին քաղաքական խնդիրներին լուծում տալու համար: Ամեն դեպքում չեմ կարծում, որ բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները պակաս հայրենասերներ են, քան նրանք, ովքեր անդադար քննադատում են նրանց: Մեզ այս գործընթացում պետք է առավել զսպվածություն, կառուցողական քննադատություն, նախաձեռնողականություն, առավելագույնս համախմբվածություն եւ հավատ առաջարկվող լուծումների նկատմամբ:
– Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ, այնուամենայնիվ, նպատակ ունեք ակտիվ քաղաքականություն վերադառնալու:
– Դա էլ ինքնանպատակ չպետք է լինի, ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակին: Քաղաքական գործչի համար գլխավորը քաղաքականության մեջ ասելիք եւ անելիք ունենալն է: Իմ ավելի քան տասնհինգ տարվա քաղաքական եւ մասնագիտական գործունեությունը ինձ թույլ է տալիս միշտ գտնվել հանրության կողքին՝ լսել, հասկանալ, անտարբեր չլինել: Ասում են, որ քաղաքական գործիչ լինելը նաեւ ճակատագիր է, որից հրաժարվելն այլեւս անհնարին է: