Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Խոսքը տվյալ դեպքում Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում առկա փաստերի մասին է

Մինչ հայ օրենսդիրները ՀՀ խորհրդարանում փորձում են «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող եւ արդեն լուծարված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունների կատարման ընթացքը դիտարկելու, նաեւ մարտիմեկյան դեպքերի ու 10 զոհերի սպանության հանգամանքները ուսումնասիրելու նպատակով նոր ժամանակավոր հանձնաժողովներ ձեւավորել, Հանրապետական Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի հրապարակած 135 էջանոց զեկույցի ու եզրակացության բովանդակությունից, մեղմ ասած, դժգոհ Փորձագետների փաստահավաք խմբում ընդդիմության երկու ներկայացուցիչները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, աշխատում են իրենց առանձին զեկույցը պատրաստելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Նիկոյանի ներկայացրած զեկույցը քննադատել են նաեւ այդ հանձնաժողովի առանձին անդամներ: Այդ զեկույցում իսկապես շատ են վիճահարույց հատվածները: Դրանց մի զգալի մասը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ծավալված իրադարձությունների «փաստագրումներին»: Այսպես, զեկույցի եզրակացության մեջ թեեւ մեջբերված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ «2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված գործողություններ» են եղել, այդուհանդերձ, հանձնաժողովականները հաստատված փաստ են համարել այն, որ այդ օրն ու այդ ժամին հրապարակում իրականացվել է ոչ թե հանրահավաքի հարկադիր դադարեցման անօրինական գործողություն, այլ՝ իբր, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում: Զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ միայն այդ միջոցառումը տապալելուց եւ ոստիկանների ու հանրահավաքի մասնակիցների միջեւ բախումներից հետո տեղի ունեցած հետագա գործողություններն են, որ արդեն ուղղված են եղել հրապարակում հանրահավաքի դադարեցմանը, ապա՝ հարկադիր դադարեցմանը: «Այդ մասին է վկայում նաեւ ոստիկանության տրամադրած տեսանյութը, որտեղ հստակ լսվում է միջոցառման մասնակիցներին ուղղված ոստիկանության «Ազատեք հրապարակը» կոչը, ինչը բարձրախոսով բազմիցս կրկնվել է»,- վկայակոչված է զեկույցում: Հանձնաժողովականներն այստեղ, թերեւս, ոչ առանց դիտավորության, փաստերի լիակատար խառնաշփոթ են սարքել: Բանն այն է, որ հանձնաժողովը, գոնե իր համար, մինչեւ վերջ չի էլ հստակեցրել՝ ոստիկանության գործողությունները ի սկզբանե ուղղված են եղել «տեղազննությա՞նը», թե՞ հանրահավաքը ցրելուն: Նիկոյանը միայն հստակ իմացել է, որ իշխանության համար խիստ անհրաժեշտ է փաստերը ներկայացնել այնպես, թե, իբր, ոստիկանությունը մարտի 1-ի վաղ առավոտյան գնալով հրապարակ՝ իր գործողությունների մասին, օրենքով սահմանված կարգով, տեղեկացրել է հանրահավաքի մասնակիցներին եւ դրա կազմակերպիչներին: Բայց փաստն այն է, որ այդ զգուշացումները, զեկույցի համաձայն, առավելագույնը վերաբերել են հանրահավաքի դադարեցման պահանջին՝ «Ազատեք հրապարակը»: Ինչ վերաբերում է տեղազննությանը, ապա նույնիսկ Նիկոյանի հանձնաժողովը չի կարողացել գտնել ու մեջբերել մի փաստ, որը կապացուցեր, թե «բարլուսախառն» հրապարակ ներկայացած ոստիկանները այնտեղ գիշերած մի քանի հարյուր ցուցարարներին զգուշացրել են, որ իրենք ուզում են ընդամենը տեղազննություն իրականացնել, համապատասխան որոշումը ներկայացնել հանրահավաքի կազմակերպիչներին, ինչը ոստիկանությունը օրենքով պարտավոր էր անել: Ասել է թե՝ հանձնաժողովը զեկույցում փորձել է սղացնել գոյություն չունեցող փաստ: Իրականում նման փաստական տվյալ ոստիկանությունն այդպես էլ չի ներկայացրել ո՛չ հանձնաժողովին, որտեղ քննարկվում էր այդ հարցը, ո՛չ էլ Փաստահավաք խմբին: Հիշեցնենք, որ ոստիկանության պատասխանատուները հանձնաժողովում միայն կոչ արեցին հավատալ իրենց ուսադիրներին եւ վերջ: «Հանձնաժողովը չէր կարող նման փաստ արձանագրել, որովհետեւ նման կոչ չի եղել: Կոչ անելու վերաբերյալ հավաստիացումները հաստատող ոչ մի փաստական տվյալ ոստիկանությունն ինքն էլ չունի»,- պնդում է Անդրանիկ Քոչարյանը:

Նիկոյանի զեկույցում նաեւ այսպիսի փաստագրում կա՝ որպես ապացույց այն բանի, որ «հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից դրսեւորվել է ագրեսիվ վարքագիծ»: Դա հատվածական ու կոնտեքստից դուրս մեջբերում է «Ազատություն» ռ/կ-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից՝ «բարձրախոսով ցուցարարներին հորդորել եմ կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ», «սկզբից միանգամից չսկսեցին, շարք կազմեցին, կանգնեցին ժողովրդի առջեւ…», «եղավ դիմադրություն ժողովրդից նաեւ, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ…»: Հանձնաժողովը, սակայն, իրականությունը խեղաթյուրելու դիտավորությամբ չի մեջբերել ռ/կ-ին տված նույն հարցազրույցի ամբողջական հատվածը, որը, ի հեճուկս զեկույցի արձանագրումների, հաստատում է այլ բան՝ ոստիկանությունն իր գործողությունների մասին մարդկանց չի ծանուցել, ոստիկանների հարձակումն անակնկալ է եղել. «Ժողովուրդը հանգիստ քնած, եկան էս հսկայական զորքով, մահակներով սկսեցին ծեծ ու ջարդ, ես էդ պահին միկրոֆոնի մոտ էի, ժողովրդին կոչ էի անում հանգստության: Սկզբից միանգամից չսկսեցին, շարք կազմեցին, կանգնեցին ժողովրդի առջեւ, կոչ արեցի, որ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, զսպվածություն, հանգիստ, տեսնենք՝ ինչ են ուզում: Բայց ոչ ոք մեզ ոչինչ չասաց, ոչինչ չբանակցեց, միանգամից սկսեցին հարձակվել ժողովրդի վրա՝ մահակներով, էլեկտրաշոկերով»:

«Մարտի 1»-ի առավոտյան դեպքերի առնչությամբ նիկոյանական հանձնաժողովում մի արձանագրում էլ կա, որը, թերեւս, պետք է որակել որպես ապօրինության տիրաժավորման փաստ: Այսպես, որպես ապացույց այն բանի, թե հանրահավաքի կազմակերպիչները «միտումնավոր տարածել են սուտ տեղեկություններ» հանրահավաքի օրինական լինելու մասին, մեջբերել են Սուրեն Սիրունյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցը: Ու նույնիսկ այդ պարագայում հանձնաժողովը գոնե ինքն իրեն հարց չի տվել ու չի էլ փորձել պարզել՝ էդ գաղտնալսման որոշումն ինչպե՞ս է կայացվել: «Դատարանը գաղտնալսման որոշում էր կայացրել դեռ փետրվարի 21-ին: Բա չի՞ հարցնում՝ փետրվարի 21-ին ո՞ր քրեական գործով է գաղտնալսվել Ալիկ Արզումանյանի հեռախոսը: Կամ՝ հեռախոսային խոսակցությունը ինչպե՞ս կարելի է համարել զեկույցի եզրահանգման համար պիտանի նյութ». սա արդեն նախկին Փաստահավաք խմբի անդամ Ա. Քոչարյանի հարցադրումն է, որը պատասխան չունի կամ ունի բացասական պատասխան:

Ահա այսպես են անցած ողջ ամռանը «քրտնաջան» աշխատել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել