Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾ ԳԻՆ ԿՎՃԱՐԻ

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"«Եթե արձանագրությունները մերժելու քայլին գնա»,- գտնում է Խոսրով Հարությունյանը

«Այդ ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի հետ իր հարաբերություններում հայտնվել է բավականին լուրջ երկընտրանքի առջեւ. գնալ տարածաշրջանում սեփական պատասխանատու դերակատարումը, աշխարհաքաղաքական կարեւորությունն ավելացնելու ճանապարհո՞վ՝ միգուցե նաեւ ժամանակավորապես զիջելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարին, թե՞ տուրք տալ նախկին «ստատուս-քվոյին»,- նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման քննարկումները եւ վերջին շրջանում թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ավելի հաճախակի, ավելի ագրեսիվ դարձած այն հայտարարությունները, որ մինչեւ ԼՂՀ հարցը չլուծվի՝ արձանագրությունները չեն վավերացվի, «Առավոտին» ասաց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Պարոն Հարությունյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացն այնքան է խորացել, որ Թուրքիան այլեւս չի կարող «ձեռնոց նետել» միջազգային հանրությանը: Նրա համոզմամբ՝ եթե Թուրքիայում, այդուհանդերձ, արձանագրությունները չվավերացնելու որոշում կայացվի, դա կնշանակի, որ Թուրքիան մերժում է ոչ թե Հայաստանի նախաձեռնությունները, այլ ընդդիմանում է հատկապես ԱՄՆ-ին եւ Եվրոպական Միությանը. «Արձանագրությունները մերժելու պարագայում Թուրքիան բավականին մեծ գին կվճարի»: Մեր զրուցակիցը խիստ կասկածում է, որ հանուն Ադրբեջանի հետ հարաբերությունների պահպանման Թուրքիան կգնա նման քայլի: Այդ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի այս ամենը: «Անել առավելագույնը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ մի բան կորզելու համար՝ ճնշում գործադրելով միջազգային հանրության, համանախագահողների վրա: Նաեւ՝ դա կարող է զուտ մարտավարական խնդիր լինել՝ հնարավորինս մեղմելու Ադրբեջանի զայրույթը: Ինչեւէ, ժամանակը ցույց կտա»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Եթե Գյուլը կամ Էրդողանը ասեին՝ քանի որ արձանագրություններում ամրագրված ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցը չի լուծվել՝ մենք այդ փաստաթղթերը չենք վավերացնում, հասկանալի կլիներ: Բայց նման հայտարարություն չեն անում, քանի որ նման հիմք չկա. արձանագրությունների եւ ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական բանակցության միջեւ որեւէ կապ չկա»: Մեր զրուցակիցը ենթադրում է, որ հիմա Թուրքիան ընդամենը պետք է փորձի այս արձանագրությունների վավերացումը, որը նրանց ուղղակի շահերից է բխում, վաճառել միջազգային հանրության վրա՝ իրենց օգտին ինչ-որ բաներ կորզելու համար: Խոսրով Հարությունյանը համոզված է, որ այն հայտարարությունները, որոնք հնչել են ԱՄՆ պետքարտուղարի, համանախագահող երկրների ներկայացուցիչների շուրթերով՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը այլ գործընթացների հետ որեւէ աղերսներ չունի, չեն կարող երկակի-եռակի մեկնաբանվել: «Տվյալ դեպքում, թուրքական դիվանագիտությունը փորձում է մի կողմից՝ մեղմել Ադրբեջանի հետ այս ժամանակահատվածում առկա իր հակասությունները, մյուս կողմից՝ փորձում է այլ ճանապարհով առավելագույնս քաղաքական դիվիդենդներ կորզել: Եթե նույնիսկ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ոչ մի առերեւույթ դրական քայլ իր կամ Ադրբեջանի օգտին չարձանագրեն էլ՝ գոնե կարող են միջազգային հանրությանը ներկայացնել, թե՝ տեսեք, մենք ինչպիսի քաղաքական կամք եւ վճռականություն դրսեւորեցինք, գնացինք նույնիսկ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ վատացնելու ճանապարհով՝ կարեւորելով տարածաշրջանի խաղաղ կարգավորման հեռանկարները»,- ասում է ՔԴՄ նախագահը:

Նա չի կիսում տեսակետը, որ Հայաստանը չպետք է լուրջ վերաբերվի Թուրքիայի նման պահվածքին: Կարծում է, որ դրանք վերլուծել է պետք եւ հետեւություններ անել:

Իսկ ինչպե՞ս բացատրել այն, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման անմիջական կապի մասին հրապարակայնորեն խոսում է տակավին վերջերս Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Վարդան Օսկանյանը. «Եթե ուշադրություն դարձրել եք պարոն Օսկանյանի, ում նկատմամբ ես ընդգծված հարգանք եմ տածում՝ որպես խորը պրոֆեսիոնալի, վերջին հոդվածին, ԼՂՀ կարգավորման գործընթացի հետ բոլոր կապերը նա մեկնաբանում է ոչ թե բուն փաստաթղթերով, այլ՝ Թուրքիան կփորձի պրոցեսն օգտագործել առավելագույնը պոկելու համար: Ինձ մոտ էլ հարց է առաջանում՝ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ պետություն, երբեւէ ձեռքից բա՞ց է թողել նման հնարավորություն: Առիթը միշտ էլ օգտագործել է՝ տարբեր ամբիոններից եւ տարբեր նախաձեռնություններով պաշտպանել Ադրբեջանի շահը: Եթե այդ տեսանկյունից ենք հարցին մոտենում, ուրեմն մինչեւ ԼՂՀ հարցի կարգավորումը չլիներ՝ պետք չէր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել»: Որ Թուրքիան մշտապես փորձելու է եւ բոլոր առիթներն օգտագործելու է իր համար ավելի բարենպաստ իրավիճակ ապահովել, պարոն Հարությունյանը չի ժխտում, բայց չի էլ կարծում, որ իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու հարցում Հայաստանը պետք է դառնա թուրքական հնարավոր նախաձեռնողականության պատանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել