Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2009 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐԸ

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է $2500: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԵԹԵ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԻՆ…

Երեկ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը՝ լրագրողների մտավախությանը, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում սահման կբերվի նաեւ թմրամիջոցների մեծ քանակություն, ասաց, որ իրենք լուրջ աշխատանքներ են տանելու այդ ուղղությամբ՝ փաստելով, որ այս տարի մեծ քանակությամբ թմրամիջոցներ են ներկրվել Հայաստան. «Եթե տարիներ առաջ 5 կամ 10 գրամ ափիոն տեսակի թմրանյութի հայտնաբերումը համարվում էր ձեռքբերում, ապա այս տարի ունենք մի շարք՝ 1-4 կգ թմրանյութի հայտնաբերման դեպքեր: Մենք մտավախություն ունենք եւ աշխատում ենք սահմանային գոտին պահպանել»: Պրն Պողոսյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի կողմից Արթուր Զադոյանին վնասվածք հասցնելու դեպքին, ասաց, որ հարուցվել է քրգործ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ մարմնական վնասվածք հասցնելու հետ կապված: Ինչ վերաբերում է վերջին շրջանում լրագրողների դեմ կատարված բռնություններին, որոնք մնում են չբացահայտված, պրն Պողոսյանն ասաց, որ «անհեթեթություն կլիներ, եթե բոլոր հանցագործությունները բացահայտվեին»: Նախորդ 9 ամսիների տվյալներով՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործություններն աճել են 65%-ով, նախորդ տարվա 549-ի դիմաց հասնելով 849-ի դեպքի: Նախորդ տարվա 313 տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների փոխարեն այս տարի արձանագրվել է 652 հանցագործություն: Բացահայտվել է դրամանենգության 6 դեպք: Պրն Պողոսյանի խոսքով, հանցագործությունների թվում զգալի մաս են կազմում պետական իշխանության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները. նախորդ տարվա 523-ի փոխարեն այս տարի կազմել է 629. «Ընդ որում, դրանցից 71-ը պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ 46 կաշառակերության դեպքեր»: Ինչ վերաբերում է թրաֆիքինգին՝ այս տարի բացահայտվել է 12 դեպք՝ նախորդ տարվա 8-ի փոխարեն: 12-ից 5-ը վերաբերել են Հայաստանից Թուրքիա, 2-ական՝ Հայաստանից ԱՄԷ եւ ՌԴ գնացածներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել