2009 թվականին Կապանի ներհամայնքային ճանապարհների վրա ասֆալտապատման աշխատանքներ կատարելու փոխարեն փոսային նորոգումներ են իրականացվում: Պատճառը՝ ֆինանսավորման բացակայությունն է: Ընթացիկ տարում անբարեկարգ ու անմխիթար վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհները կբարեկարգվեն միայն փոսային նորոգումներով: Ինչպես տեղեկացնում է Կապանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Վահե Գրիգորյանը՝ փոսային՝ տեղ-տեղ նորոգումները տեղական բյուջեի միջոցներով են արվում, իսկ քաղաքի բյուջեն հազիվ փոսային նորոգումներին է բավականացնում: Վահե Գրիգորյանը նաեւ նշեց, որ քաղաքի փողոցները ասֆալտապատման խիստ կարիք ունեն, հատկապես՝ ծայրամասային թաղամասեր տանող փողոցները: Ներկայումս փոսային նորոգումներ են իրականացվում Կապանի՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային փողոցներում: Աշխատանքները սկսվել էին մոտ 2 ամիս առաջ եւ մի քանի օրից արդեն կավարտվեն:
Կապան քաղաքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման հարցը ներառված է քաղաքի զարգացման քառամյա ծրագրում: