Լրահոս
Օրվա լրահոսը

Պորտալը բացահայտում է

Հոկտեմբեր 28,2009 00:00

«Կրթական համալիր էջ» պորտալը՝ www.armedu.am, որը սկսել է շահագործվել 2007թ. նոյեմբերից, բացի մի շարք անհրաժեշտ տեղեկություններից՝ կրթական փաստաթղթեր, մեթոդական նյութեր, կրթական ոլորտի լուրեր տրամադրելուց, նաեւ հետաքրքիր հարցումներ է կատարում իր ընթերցողների շրջանում:
Նկատենք, որ կայքից հաճախ են օգտվում կրթության ոլորտի մարդիկ՝ ուսուցիչներ, դասախոսներ, կրթական համակարգի տարբեր բնագավառների աշխատակիցներ, եւ որ ուրախալի է՝ նաեւ դպրոցականներ, ուսանողներ: Հարցումներին էլ, բնականաբար, հիմնականում մասնակցում են նրանք, այսինքն՝ որոշակի կրթական ցենզ ունեցող մարդիկ:
Հարցերից մեկով փորձ է արվել հայտնաբերել եւ «տեսակավորել» կայքի այցելուներին: Այդ հարցման արդյունքում ստացվել է, որ ամենաշատը armedu-ից օգտվում են ուսուցիչները՝ 33%, նրանց հաջորդում են ավագ դպրոցների աշակերտները՝ 20%, բուհերի ուսանողները՝ 18%, «Այլ» պատասխանն են նախընտրել 16%-ը, միջին դպրոցի աշակերտները կազմում են 8%-ը, 3%-ը ծնողներ են, եւ 1-ական տոկոս են կազմում տարրական դպրոցի եւ միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները:
Հարցերից մեկը հետեւյալն է. «Արդյոք կառարկե՞ք, եթե դպրոցում Ձեր երեխայի հետ սովորի սահմանափակ կարողություններով երեխա»: 126 մարդ է մասնակցել հարցմանը: Նրանց պատասխաններում գերակշռում է «ոչ» տարբերակը՝ 61%, առարկողները եռակի քիչ են՝ ընդամենը 20%, եւս այդքանը՝ 19%, չեն պատկերացնում, թե ինչպես կվարվեն, եւ տվել են «չգիտեմ» պատասխանը:
«Արդյոք դպրոցում ստացած գիտելիքները բավարա՞ր են բուհ ընդունվելու համար» հարցին պատասխանել է 106 մարդ, նրանց հիմնական մասը՝ 51%, կարծում է, որ «մասամբ», 39 տոկոսը ազնվորեն խոստովանել է՝ «ոչ», եւ միայն 4%-ն է կարծում, որ դա հնարավոր է:
135 մարդ մասնակցել է հետեւյալ հարցմանը՝ «Ե՞րբ է պետք սկսել նախապատրաստվել դպրոցին»: 2-3 տարեկանում իր երեխային պատրաստ է դպրոցին նախապատրաստել հարցման 135 մասնակիցների 35%-ը, մի փոքր ավելի մեղմ է 32%-ը, որը 4-5 տարեկանում կսկսի պատրաստել իր զավակին դպրոցի համար, եւ 7%-ն էլ պատրաստ է ուշացնել այդ գործը՝ 6-7 տարեկանում նոր սկսել նախապատրաստել երեխային դպրոցին: Իսկ ահա 23%-ը կարծում է, որ ընդհանրապես պետք չէ երեխային նախապատրաստել դպրոցին:
Հարցեր են եղել նաեւ միասնական քննությունների վերաբերյալ: «Արդյոք հայոց լեզվի միասնական քննության թեստի բովանդակությունը համապատասխանո՞ւմ էր դպրոցական ծրագրին» հարցին պատասխանել է 91 մարդ, նրանց 62%-ը կարծում է, որ չէր համապատասխանում, 14%-ը գտել է, որ համապատասխանում էր, եւ 24%-ը դժվարացել է պատասխանել: Այդ օրերին համահունչ մյուս հարցը՝ «Բավարա՞ր էր, արդյոք, մաթեմատիկայի միասնական քննությանը հատկացված ժամանակը», հետաքրքրել է 114 մարդու, նրանցից 64%-ը կարծում է, որ բավարար չէ, 21%-ը կարծում է, որ բավարար էր, եւ 15%-ը դժվարացել է պատասխանել:

Հ. Գ. Պորտալն ունի նաեւ ֆորում, որտեղ բազմաթիվ թեմաներ են քննարկվում՝ ավելի քան 1000 մասնակիցների շրջանակներում: armedu-ի ֆորումին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել