Ուկրաինայի կառավարությունը երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին խնդրել էր մերժել եւ չվավերացնել 2010թ.-ին նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքը, որի կենսագործման համար բյուջեում համապատասխան ֆինանսավորումը, Տիմոշենկոյի գլխավորած կառավարության ասելով՝ բավարար չէ: «Reuters»-ի փոխանցմամբ, այդ օրենքը Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր անցած շաբաթ: Կառավարությունը պնդում է, որ օրենքի իրականացման համար 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պահանջվելու են 8,1 մլրդ գրիվենի, իսկ 2010թ.-ին՝ 71,3 մլրդ գրիվենի հավելյալ ծախսեր: Կառավարությունը համարում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում անհնար է աշխատավարձի բարձրացում ապահովել, եւ որ այդ անելու համար անհրաժեշտ է լինելու դիմել մեծածավալ փոխառությունների: Գերագույն ռադայի ընդունած օրենքը չվավերացնելու պահանջ է ներկայացրել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը շաբաթ օրը Ուկրաինայի իշխանությունների հետ հերթական վարկը տրամադրելու շուրջ բանակցություններ է վարել:
Մինչ այդ, Ուկրաինայում սկսվել է հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջադրումների փուլը: Հիմնական թեկնածուներ՝ «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու կառավարության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն ստացել են իրենց գլխավորած կուսակցությունների հավանությունը՝ ընտրարշավ սկսելու համար: