Օրերս Վանաձորի «Կոտրած եկեղեցում» եւ հարակից մատուռում իրականացված մաքրման աշխատանքները, շրջակայքում կատարված ծառատունկը՝ մեր կրոնական արժեքներին ուշադրություն դարձնելու վերջին շրջանում եզակի դարձած ձեռնարկներից էր: Նախաձեռնել էր Վանաձորի «Թռիչք» կրթամշակութային եւ խորհրդատվական հ/կ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը: Հ/կ-ի երիտասարդական թեւի եւ լրագրողական խմբակի անդամներին էին միացել նաեւ «Խաչվող ուղիներ» հ/կ-ի «Մենթորիդ» ծրագրի մասնակիցները, լրագրողներ, այլք:
Հ. Նիկողոսյանը կարեւորեց սրբավայրերի պաշտպանությունն ու պահպանումը, ոչ պակաս կարեւոր համարելով այն հանգամանքը, որ այդ կրթադաստիարակչական նախաձեռնությունը օժանդակողներ է գտնում նաեւ իշխանությունների շրջանում:
«Մեր մշակութային օջախները եւ դրանց շրջակայքը մաքուր պահելով նաեւ պիտի առաջ գնանք եւ սերունդներին թողնենք այդ արժեքները բարձր պահելու անխախտ պատգամը»,- ասաց նախաձեռնության մասնակիցներից Իվան Անտոնյանը: