Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՖԷՍՃԵԱՆ» ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 28,2009 00:00

Նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը՝ շքեղ հրավառությամբ, Կասկադ համալիրի մոտ: Նոյեմբերի 8-ին կենտրոնը հրավիրում է հանրությանը՝ գնահատելու իրականացված աշխատանքը Կասկադի ներսում եւ ծանոթանալու ցուցահանդեսների, դասախոսությունների, գրքերի շնորհանդեսների, համերգների եւ այլ միջոցառումների ժամանակացույցին: Միայն այդ օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մուտքն անվճար կլինի հանրության համար: Վերանորոգման յոթ տարիներից հետո Կասկադը լիովին վերափոխվել է: Այժմ այն կազմված է այցելուների կենտրոնից, թանգարանի խանութից, հատուկ միջոցառումների սրահից եւ ավելի քան 1100 քմ ցուցադրությունների համար նախատեսված տարածքից: Կենտրոնը կրում է իր հիմնական բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:
Գաֆէսճեան քանդակների պարտեզը ընդգրկում է Կասկադի դիմացի ողջ պուրակը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը: Պարտեզի հատուկ նախագծված ծառուղիները եւ ծաղկային ձեւավորումները ստեղծում են ժամանակակից միջավայր մեծածավալ քանդակների տեղակայման համար՝ արված այնպիսի հեղինակավոր արվեստագետների կողմից, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Լին Չեդուիքը, Ժոմ Պլենզան եւ Բարրի Ֆլանագանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել