Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԽՄԲԱՎԱՐԸ

Հոկտեմբեր 28,2009 00:00

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ շվեյցարացի դիրիժոր Պիեռ Ալեն Բեֆան առաջին անգամ չէ, որ աշխատում է: Օրերս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչների» հերթական համերգը՝ շվեյցարացի խմբավարի հետ: Փոքրիկ երգիչների երգացանկում ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ուրախ-կատակային երգեր էին ընդգրկված՝ Մաշտոցի, Շնորհալու, Կոմիտասի շարականներից մինչեւ Մոցարտ ու ժամանակակից հայ կոմպոզիտորներ: «Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչների» խմբավար Տիգրան Հեքեքյանն ասաց, որ Շվեյցարիայում «Շաբլեի» կամերային երկսեռ երգչախմբի խմբավար Ալեն Բեֆան մասնագիտությամբ գրադարանավար է ու գալիս է Հայաստան իր միջոցներով. «Հենց առիթ է գտնում, փող է հավաքում՝ մեզ այցելում է: Այս համերգը հաճելի է, գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է, մի խոսքով՝ թե՛ մենք ենք օգտվում, թե՛ շվեյցարացի մեր գործընկերը»:
Տ. Հեքեքյանի խոսքով, Պիեռ Ալեն Բեֆան երգչախմբի սիրված ու սպասված ամենամյա հյուրն է: «Պիեռին Պետրոս Բֆեյան ենք կոչում»,- կատակեց նա:
Շվեյցարացի դիրիժորն էլ հայտնեց, որ իր գալու նպատակը միջմշակութային փոխանակումն է. «Ես ծանոթ չեմ հայ կոմպոզիտորներին, բայց մեծ ցանկություն ունեմ ծանոթանալու, այս համագործակցությունն ինձ հնարավորություն է ընձեռում հայտնաբերել հայկական երաժշտությունը եւ փոքրիկ երգիչներին արտասահմանյան երաժշտությանը ծանոթացնել»: Շվեյցարացի երաժշտի խոսքով, իր՝ Հայաստան չորրորդ այցելությունն է, ու արդեն հասցրել է տպավորվել փոքրիկ երգիչների ստեղծագործական հնարավորություններով. «Նրանք շատ բարդ երգեր են երգում, բայց միաժամանակ պահպանում են իրենց մանկական ձայնը, ինչպես նաեւ գնահատում եմ նրանց խանդավառությունը եւ ջանասիրաբար աշխատելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել