Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչոքիների օր՝ Նովի Սադում

Հոկտեմբեր 28,2009 00:00

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության հինգերորդ օրը մեր հանրապետության երկու թիմերն էլ ոչ-ոքի արեցին մրցակիցների հետ:
Հայաստանի կանանց թիմն ուժերը չափեց Ադրբեջանի հավաքականի հետ: Մեր բոլոր աղջիկները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը (լուսանկարում) եւ Սիրանուշ Անդրիասյանը, բաժանեցին միավորները եւ գրանցվեց թիմային ոչ-ոքի՝ 2:2: Հինգ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7,0 թիմային եւ 12,0 անհատական միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Այստեղ հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարը Վրաստանն է՝ 10,0 (13,5): Երեկ մարզիչ Արսեն Եղիազարյանի սաները հանդիպեցին Ֆրանսիայի հետ:
Ֆրանսիայի հավաքականին խաղաղությամբ հրաժեշտ տվեցին նաեւ մեր տղաները: Բայց այստեղ պայքարը փոքր-ինչ ավելի անզիջում ստացվեց: Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտվեց Էտյեն Բակրոյին, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը, համապատասխանաբար, Լորեն Ֆրեսենեի եւ Սեբաստյան Ֆիլլերի հետ պայքարում թիմի հաշվարկին բերեցին կեսական միավոր եւ միայն Ռոմեն Էդուարդի նկատմամբ Գաբրիել Սարգսյանի՝ սեւերով տարած հաղթանակի շնորհիվ վերականգնվեց թիմային հավասարակշռությունը՝ 2:2:
Հինգ տուրից հետո տղաների պայքարը թիմային հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Ադրբեջանը: Մեր թիմը 7,0 (12,0) ցուցանիշով ընթանում է 7-րդ տեղում: Երեկ, վեցերորդ տուրում մեր տղաները հանդիպեցին Ֆրանսիայի հետ, որի կազմում բացակայում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել