Արվեստի հրաշքի մեկնաբանությունը՝ ըստ դիրիժոր Յուրի Դավթյանի
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կկայանա մեծարման երեկո՝ նվիրված դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ծննդյան 80-ամյակին:
Դիրիժորն ապահովում է երաժշտական երկի կատարման անսամբլային ներդաշնակությունը եւ տեխնիկական կատարելությունը, ձգտում հաղորդել իր գեղարվեստական նպատակները, ստեղծագործության իր մեկնաբանումը: Նրանից պահանջվում է երաժշտատեսական պատրաստվածություն, նուրբ լսողություն, երաժշտական գերազանց հիշողություն, կամք ու էլի շատ ու շատ բաներ: Մասնագետներն ու երաժշտասերները համակարծիք կլինեն «Առավոտի» հետ, որ թվարկած որակներով է օժտված դիրիժոր Յու. Դավթյանը:
Հարուստ է եղել նրա ուսումնառության շրջանը. Երեւանի կոնսերվատորիայի Սարաջեւի դասարան, իսկ հետո՝ 1952թ., Մոսկվայում կատարելագործվել է Իգոր Մարկեւիչի ղեկավարությամբ: Երեւանի օպերային թատրոնում էլ 6 տարի եղել է մեծն Թավրիզյանի «ձեռքի տակ»: Առաջին ներկայացումը Ռիմսկի-Կորսակովի «Շեհրազադե» բալետն էր, որ դիրիժորը ղեկավարել է 1953թ.: Առաջին մեկնաբանն է եղել Էդ. Հովհաննիսյանի «Մարմար» բալետի, Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Տ. Չուխաջյանի «Զեմիրե» եւ այլ օպերաների, հյուրախաղեր ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում: Յու. Դավթյանը իրականացրել է նաեւ օպերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների բազմաթիվ ձայնագրություններ: Ինչպես քանիցս նշել են մասնագետները, դավթյանական նվագախմբի հնչողության մեջ ապշեցնում են կատարողական ազատությունը, լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւությունը, նրբերանգների եւ կոնտրաստների անսովոր մեծ ընդգրկումը: «Համերգի կամ ներկայացման սկզբում երաժիշտներս եւ ունկնդիրը անջատ-անջատ միավոր ենք, իսկ երաժշտությունն իր կայուն օրենքներն ունի եւ կատարողական արվեստն էլ առաջնորդվում է գիտական ստույգ օրենքներով, սակայն կա մի բան, որ այդ օրենքներից եւ ամեն ինչից դուրս է: Հենց դա էլ արվեստի հրաշքն է: Պատկերացնո՞ւմ եք, սկզբում, որ կատարողը, ունկնդիրը, ինչու չէ՝ մեր օպերային թատրոնի հսկայածավալ ջահը, կրկնում եմ՝ անջատ-անջատ ենք կարծես, հենց սկզբից բոլոր ջանքերը սկսվում են ուղղվել այս ամենի միանալուն, ձուլվելուն, միմյանց մեջ ներթափանցելուն: Եվ ահա արվեստի հրաշքը՝ այդ փոխթափանցումը գալիս է հետզհետե եւ վերջում թվում է հազարավոր սրտերի բաբախը լսում ես սեփական սրտիդ մեջ»,- ասում է Յու. Դավթյանը:
Արվեստագետը, սկսած 1960-ականների վերջերից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ղեկավարում է օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնը, կրթելով դիրիժորների մի քանի սերունդ, որոնց անունները հայտնի են ինչպես մեզանում, այնպես էլ արտերկրում: Այսպես. Մակեդոնիայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է Էդվարդ Համբարձումյանը, Ռուբեն Ասատրյանն աշխատում է Ֆիլհարմոնիկ նվագախմբում՝ համագործակցելով օպերային թատրոնի հետ, Փարիզի կոնսերվատորիայում է կրտսեր Հայկ Դավթյանը եւ այլն:
Վստահ կարելի է ասել, որ Յու. Դավթյանը, ով մեր օպերային թատրոնի սյուներից մեկն է, աճեց թատրոնի հետ: Այսօր էլ 80-ամյա դիրիժորը կոլեգաների հետ պատրաստվում է դեկտեմբերին կայանալիք երեկոյին՝ նվիրված օպերային թատրոնի 75-ամյակին: