Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեքսով զբաղվեք 17 տարեկանից»

Հոկտեմբեր 28,2009 00:00

Խորհուրդ է տալիս մասնագետը՝ ներդաշնակ դաստիարակություն ստացածներին

Հայաստանը ողողված է սեռական դաստիարակության մասին գրականությամբ, բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս սեռական կյանքին վերաբերող հարցերի պատասխանները ստանալ նմանատիպ գրականությունից, քանի որ շատ անգամ այն գրված է պատահական մարդկանց կողմից՝ սեփական հայեցակետով: Սեռական ոչ ճիշտ դաստիարակության վրա իր բացասական ազդեցությունն ունենում է նաեւ ինտերնետը: Դեռահասի համար, ում մոտ սեռական պատկերացումները դեռեւս հստակ չեն, տեղեկատվության նման աղբյուրներից օգտվելը կարող է վտանգել նրա սեռական կողմնորոշումը: Երեկ «Հայելի» ակումբում սեռական դաստիարակության թեմայի մասին խոսեցին հոգեբան Սվետլանա Հարությունյանը եւ բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Հոգեբան Ս. Հարությունյանը խորհուրդ տվեց՝ եթե 5 տարեկան երեխան ծնողին հարցնում է իր ծննդի մասին, պետք չէ խաբել ու ասել, թե նրան բերել է արագիլը, գտել են կաղամբի միջից կամ ամենից անընդունելի պատասխանը՝ գնել են խանութից. այս դեպքում երեխայի մոտ հարց է առաջանում, եթե գնել են խանութից, կարող են նաեւ ետ տանել: Սեռական ճիշտ դաստիարակությունը կախված է հենց ծնողներից, սակայն կատարված հարցումներից պարզ է դառնում, որ հատկապես մարզերում ծնողներն իրենք չեն ցանկանում, որ երեխան իր ծննդի մասին իմանա, մեծամասնությունը գտնում է՝ երեխան կմեծանա, ամեն ինչ կիմանա: «Բնական է, որ որոշակի տարիքում երեխան սկսի հարցեր տալ իր ծննդի մասին: Եթե հարցեր չի տալիս, նշանակում է երեխայի զարգացման ընթացքը ադեկվատ չէ կամ էլ երեխան ուրիշ աղբյուրներից է ստանում իրեն հուզող հարցերի պատասխանները: Պատասխանի հիմքում նախ եւ առաջ պետք է լինի գաղափարը, որ երեխան ծնվել է սիրո արդյունքում»,- նշեց հոգեբան Ս. Հարությունյանը:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով՝ «Եթե երեխան չի հարցնում, նշանակում է ծնողն ինքը նպաստավոր պայման չի ստեղծել, որ երեխան հարցեր տա: 0-7-ը այն տարիքն է, երբ երեխայի մոտ գերհետաքրքրասիրություն է դրսեւորվում. երեխան սկսում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, որը, ցավոք, շատ ծնողներ համարում են այլասերվածություն, սկսում են պատժել, անկյուն կանգնեցնել: Մեր ընտանիքներում, դպրոցներում սեռական թեմայի վրա արգելք է դրված: Սեռական դաստիարակության առումով անմխիթար վիճակը հանգեցնում է նրան, որ երեխան, դեռահասը, պատանին իր հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով «մագլցում է» ինտերնետ, որտեղ կան բազմաթիվ գովազդային կայքեր, որոնք շատ հաճախ կրում են տարաբնույթ օրիենտացիաներ»:
Սեռական դաստիարակության կոպիտ խախտումները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ կարող են հանգեցնել սեռական խանգարումների: Կանանց մոտ սեռական խախտումների հետեւանքով հանդիպում է վագինիզմ երեւույթը, երբ կինն, իր կամքին հակառակ, չի կարողանում սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ եւ թույլ էլ չի տալիս, որ տղամարդը մոտենա, պատահում է, որ կինը չի կարողանում տրամադրվել եւ վայելել օրգազմի զգացողությունը, կարող են լինել օրիենտացիայի տատանումներ: «Շատ դեպքերում տղամարդկանց ոչ ուշադիր լինելու հետեւանքով, ցավոք, մեր իրականությունում կնոջ սեռական դերակատարությունը ստվերում է մնացել: Բայց անկողինը էգոիզմը դրսեւորելու վայր չէ, անկողնում հաճույքը վայելելու համար անհրաժեշտ են հավասար իրավունքներ ու պայմաններ»,- ասաց բժիշկ-սեքսապաթոլոգը: Նրա խոսքով՝ այսօր սեռական դաստիարակություն ասելիս մարդիկ հասկանում են միայն պահպանակների օգտագործումը, ինֆեկցիաների տարածումը, որը, մասնագետի խոսքով՝ սեռական դաստիարակության ընդամենը մի փոքր ճյուղն է: Հարցին, ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում սեռական կյանքով ապրել, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը պատասխանեց. «Եթե անհատի մոտ սեռական դաստիարակությունը հարմոնիկ է ընթացել, այսինքն՝ հոգեբանական եւ կենսաբանական հասունացումը ներդաշնակ է եղել, ապա սեռական կյանքով ապրելու ստորին սահմանը 17-18 տարեկանն է, եւ շատ դեպքերում ինֆորմացիայի առատ հոսքը բերում է նրան, որ մեր օրերում երիտասարդները սեռական կյանքով սկսում են զբաղվել ավելի վաղ տարիքում: Կնոջ մոտ սեռական ցանկությունն ուշ է արթնանում, որովհետեւ տեսնելուց հետո պետք է վերլուծի, կշռադատի, եզրակացություններ անի»: Բժիշկ-սեքսապաթոլոգը զարմանում է, որ հայ հայրերը շատ դեպքերում իրենք են նպաստում, որ իրենց զավակները առաջին «սերն անեն» մարմնավաճառների հետ: Մասնագետը տղաներին խորհուրդ տվեց՝ սեռական պահանջի դեպքում օգտվել ոչ թե մարմնավաճառների վճարովի ծառայություններից, այլ ունենալ մշտական զուգընկերուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել