Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ՇՊԱՐՎԵԼԻՍ ՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԵՎԵԼՔԻՆ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Հայուհիները գեղեցկությունն ընդգծելու փոխարեն արտահայտում են թերությունները

\"\"
Դիմահարդար Սեւադա Սոֆյանը՝ աշխատանքի պահին:

Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ուշադրություն դարձնել շպարին՝ մեծ գումարներ ծախսելով պրոֆեսիոնալների ծառայություններից օգտվելու համար: Եթե նախկինում միայն հարսանեկան արարողությունների ժամանակ էին դիմում դիմահարդարների օգնությանը, այսօր արդեն ցանկացած միջոցառման գնալիս դիմահարդարի միջամտությունը դարձել է խիստ պահանջված: 
Հայաստանում դիմահարդարների մոտ շպարվելու գները սկսում են 3000 դրամից ու հասնում մինչեւ 30 000-ը: Իսկ ինչպե՞ս են շպարվում հայուհիները, ի՞նչ սխալներ են անում շպարվելիս, գիտե՞ն գեղեցկությունը ճիշտ ընդգծելու ձեւերը, քմահա՞ճ են, արդյոք այդ հարցում: Այդ թեմայով էր մեր զրույցը դեկորատիվ դիմահարդար Սեւադա Սոֆյանի հետ:
«Հայուհիների միայն 10%-ն է կարողանում ճիշտ շպարվել, մնացածը զուրկ են շպարի էթիկայից»,- ասաց Ս. Սոֆյանը: Ըստ նրա՝ հայ աղջիկներն ու կանայք դեռեւս շպարվել չգիտեն. «Հայաստանում շպարվելու էթիկան խաթարված է: Շատ վատ են շպարվում ու՝ տգեղ: Անգամ չգիտեն, որ շպարի հիմնական նպատակը մարդուն բնության կողմից տրված գեղեցկությունն ընդգծելն ու թերությունները թաքցնելն է: Իսկ մեր աղջիկները այդպես չեն անում: Ընդհակառակը՝ շպարի միջոցով ընդգծում են իրենց թերությունները»:
Սեւադան վստահեցնում է, որ հայուհիների սխալ շպարվելը ինչ-որ տեղ պայմանավորված է նաեւ պրոֆեսիոնալ դիմահարդարների պակասով եւ հավելում, որ «Հայաստանում մասնագիտություն ընտրելու խնդիր ունենք, ով ուզում է հարուստ լինել՝ որոշում է կամ դիմահարդար, կամ վարսահարդար դառնալ, որովհետեւ, շատերի համոզմամբ, հենց այդ մասնագիտության տեր մարդիկ են շատ փող վաստակում: Իսկ ինձ մոտ դիմահարդարությամբ զբաղվելը սկսվել է իբրեւ նախասիրություն, հետո նոր դարձել մասնագիտություն: Այս ոլորտում սկսել եմ աշխատել մոտ 5 տարի առաջ: Նշեմ նաեւ, որ այս մասնագիտությունն ընտրելս պատահական չի եղել: Փոքր ժամանակվանից նկարում էի ու երբ սկսեցի զբաղվել գեղեցկության սրահի մարկետինգով, նկարչական ջիղերս վերածնվեցին: Տեսնելով, որ այս ասպարեզում նկարչական հմտություններս կարող եմ լայնորեն կիրառել, սկսեցի նկարել: Մի խոսքով, դիմահարդարումն ինձ համար պատահական կամ զուտ ֆինանսական հաշվարկով ընտրված մասնագիտություն չէ»:
Ս. Սոֆյանի փոխանցմամբ, դիմահարդարումն այնքան էլ հեշտ մասնագիտություն չէ, այն շատ աշխատատար է, պահանջկոտ եւ քմահաճ՝ ինչպես աղջիկը. «Այս մասնագիտության մեջ առաջնահերթը սեփական դեմքն է, այսինքն՝ ուրույն աշխատաոճ ունենալը, ինչը ոչ բոլորին է հաջողվում»:
Հարցին՝ հնարավո՞ր է դիմահարդարի աշխատանքով մեծ գումարներ աշխատել Հայաստանում, Սեւադան ասաց, որ հնարավոր է, որովհետեւ այսօր դիմահարդարի աշխատանքը բավականին պահանջված է:
Իր աշխատաոճի մասին էլ մեր զրուցակիցը ասաց, որ այն տեխնիկապես տարբերվում է Երեւանում տիրող միանվագ, միօրինակ դիմահարդարումից. «Հայաստանում եւ ընդհանրապես դիմահարդարման ասպարեզում մարդիկ պատկանում են ռուսական կամ արտասահմանյան դպրոցին: Օրինակ, ես վերցրի ֆրանսիական վիզաժի դեկորատիվ դիմահարդարման հիմքը, դետալները՝ համադրելով ռուսական դպրոցի հիմքի հետ, միքսելով դրանք՝ ստացա իմը՝ հայկականը, որն էլ ստեղծագործելու համար լայն հնարավորություններ է տալիս»:
Մեր հաջորդ հարցին էլ, թե դիմահարդարման առումով քմահա՞ճ են, արդյոք, հայուհիները, Սեւադան ասաց. «Բավականին… Դիմահարդարում սովորելուց հետո երկար ժամանակ հաճախորդների չէի սպասարկում, միայն դասավանդում էի: Դրա հետ մեկտեղ համագործակցում էի տարբեր ամսագրերի տեսահոլովակների նկարահանման խմբերի հետ: Խուսափում էի շարքային հաճախորդներին սպասարկելուց, որպեսզի չենթարկվեմ նրանց թելադրած քմահաճույքներին: Հետո այնպես ստացվեց, որ մի օր, գեղեցկության սրահներից մեկում տեղի դիմահարդարի բացակայության պատճառով մի քանի հաճախորդի սպասարկեցի: Տեսա, որ բավականին հետաքրքիր է: Եթե մարդն ինչ-որ համոզմունքներով գալիս է քեզ մոտ՝ դու հոգեբանորեն այնքան ճկուն պետք է լինես, որ չանտեսես նրա նախասիրությունները, դրա հետ մեկտեղ չոտնահարես քո մասնագիտական «ես»-ը, անես այնպես, որ եւ դու գոհ լինես քո արածից, եւ հաճախորդը»: Սեւադայի մեկնաբանմամբ, մարդու շպարը նրա հոգեբանության հետ անմիջական կապ ունի: Ըստ շպարի՝ հնարավոր է պատկերացում կազմել մարդու հոգեբանության մասին. «Օրինակ, փողոցում քայլելիս հաճախ կարող ենք նկատել չափից շատ ներկված կանանց: Երբ խոսում եմ նրանց հետ եւ հարցնում, թե ինչո՞ւ է ամբողջ աչքի երկայնքով եւ լայնությամբ ներկվել, շատերը պատասխանում են, որ առանց նման շպարի՝ չեն կարող փողոց դուրս գալ, որովհետեւ իրենց թվում է, թե իրենց հոգին մերկ է: Շատերին էլ թվում է, որ եթե իրենք առանց շպարի փողոց են դուրս գալիս, մարդիկ ներթափանցում են նրանց հոգու խորքը եւ տեսնում այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ: Հայաստանում կնոջ համար շպարը կարծես դարձել է դիմակ, որը պաշտպանում է նրանց ներաշխարհը հետաքրքրասեր աչքերից»:
Դիմահարդարը դժգոհեց նաեւ նրանից, որ մեր կանայք անտեղյակ են շպարվելու ձեւերից. «Մերոնք նույնիսկ իրարից չեն տարբերում շպարի տեսակները: Բայց չէ՞ որ կա երեկոյան շպար, առօրեական, գործնական, հարսանեկան…… Առավոտից սկսած՝ հայ աղջիկները շրջում են երեկոյան շպարով: Այսինքն՝ այն, ինչ Եվրոպայում կհամարվի երեկոյան՝ Հայաստանում այդկերպ քայլում են ցերեկով՝ փողոցներում: Իրականում հայուհիներին չեմ մեղադրում. սխալ շպարվելն ունի իր պատճառները: Բայց ամեն դեպքում որքան էլ փորձենք եվրոպամետ լինել՝ մեր հոգով, մեր նախասիրություններով կմնանք Ասիայի ներկայացուցիչներ: Մենք մեր ճաշակով, մեր խառնվածքով հարում ենք Արեւելքին, ինչն էլ շատ վառ եւ ճչան ձեւով արտահայտվում է նաեւ կանանց շպարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել