Գերմանիայի նախկին դեսպանը պատկերել է Հայաստանը
Օրերս Գյումրիի Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում ցուցադրվեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Վուլս Բարթելի լուսանկարները: «Հայաստանը Գերմանիայի դեսպանի աչքերով». այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը: «Նա շատ բարեկեցիկ երկրներում է շրջագայել, բայց երբ հարցրինք ի՞նչ է ձեզ համար Հայաստանը, ասաց՝ երկրորդ տուն»,- այսպես ներկայացրեց դեսպանին հրապարակախոս Ռոզա Եղիազարյանը: Իսկ թե ինչո՞ւ ցուցահանդեսը բացվեց Գյումրիում, ցուցահանդեսի կազմակերպիչների մեկնաբանելով՝ պատճառը Գյումրիի՝ ԽՍՀՄ-ի ժամանակներից ամենահայտնի մշակութային քաղաք լինելն է: Նախկին դեսպանը պատմեց, որ լուսանկարներն իր համար էր արել, բայց դեսպանատնից առաջարկել են ցուցադրել, ինքն էլ սիրով համաձայնել է: «Այն, ինչ տպավորվել է իմ մեջ՝ պատկերել եմ, իմ նկարներում հայերն են՝ իրենց հյուրընկալությամբ, Հայաստանի պատմական, հնագույն հուշարձանները՝ եկեղեցիները, հուշահամալիրները, բնությունը՝ առաջին հերթին Արարատ լեռը»,- ասաց նախկին դեսպանը: Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն էլ տեղեկացրեց, որ իրենք գործունեություն են ծավալելու ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ մարզերում: Խոսելով տուրիզմի զարգացման մասին, նա հույս հայտնեց, որ գոնե շաբաթական երեք թռիչք լինի Գերմանիայի Դաշնության տարբեր քաղաքներ: «Ինչպես ասացի, տուրիզմի զարգացման համար պետք է բարելավվի ավիատրանսպորտը, եթե չեմ սխալվում՝ Երեւան թռչելը բավականին թանկ է, որը այստեղ պայմանավորում են օդանավակայանի շահագործմամբ, այստեղ, եթե չեմ սխալվում՝ մոնոպոլիստական կառուցվածք է: Օրինակ, 249 եվրո է անհրաժեշտ, որպեսզի Երեւան հասնես, բացի այդ՝ լրացուցիչ 150 եվրո է անհրաժեշտ, այսպես ասած՝ օդանավակայանի կոմունիկացիոն ծախսերի համար, ինչը թանկ է»,- ակնարկեց դեսպանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա հավելեց. «Ես մեկ անգամ եւս ուզում եմ շեշետել այն, ինչ ասել եմ նախագահական նստավայրում, մեր արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել այդ նախաձեռնությունը, դա քաղաքական համարձակություն էր պահանջում Հայաստանից: Ես գիտեմ, որ այս քաղաքականությունը ուղեկցվել է քննադատություններով, ըմբոստացումներով: Ձեր Սփյուռքը դաժան քննադատեց, բայց, իմ անձնական կարծիքով, պիտի դուրս գալ նեղ շրջանակներից: Այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, չպիտի մոռանաս, բայց նաեւ պետք է հնարավորություն փնտրել դուրս գալու մեկուսացումից: Պետք է բացել սահմանները ձեր երկրի տնտեսական զարգացման համար ու ակտիվորեն զարկ տալ առեւտրին: Ձեր ապրանքների 80%-ը, եթե չեմ սխալվում, ներկրվում է Վրաստանից, դա նորմալ չէ, իսկ սահմանի բացման դեպքում մրցակցություն կառաջանա, մրցակցությունը օգտակար է բոլորի համար: Այնպես որ, ես կարծում եմ, եթե սահմանի բացումը հնարավոր լինի առաջիկայում, դրական կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի համար, նոր կապեր կառաջանան, հույս ունեմ՝ թե Թուրքիայում, թե Հայաստանում կվավերացվեն Արձանագրությունները»:
Հինգշաբթի օրը Երեւանում տեղի կունենա «Երաժշտական գիշեր» խորագրով համերգ՝ Գերմանիայից ժամանած DJ-ի ներկայությամբ ու սրանով կավարտվեն Գերմանիայի մշակութային օրերը Հայաստանում: