Կամ՝ ինչպես փրկել Երկիր մոլորակը
«Երկիր մոլորակին սպառնում է գլոբալ տաքացում, ինչի հետեւանքով աշխարհը վտանգի տակ է եւ դրա մեղավորը մարդն է, որը հնարավորություն ունի այսօր կասեցնելու գլոբալ տաքացումը, բայց…»:
Գլոբալ տաքացման ու Երկիր մոլորակին սպառնացող այս խնդրի մասին է պատմում 2008-ին Մեծ Բրիտանիայում նկարահանած, «Մաքլիբել» ֆիլմի ռեժիսոր, «Մի օր սեպտեմբերին» օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր Ֆրեննի Արմսթրոնգի «Հիմարության դարը» ֆիլմը:
Վերջինիս պրեմիերան կայացավ օրերս՝ «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Փաստավավերագրական դրամայի եւ անիմացիայի այս խառնուրդի գլխավոր դերակատարը «Օսկարի» հավակնորդ Փիթ Փոսլթուեյլթն է: Որպես 2055-ին ամայացած աշխարհում ապրող մի ծերունի, նա դիտում է 2008-ից հավաքած «արխիվային» նկարահանումներն ու հարցնում, թե ինչու մարդկությունը չկասեցրեց կլիմայի փոփոխությունը, երբ դեռ հնարավոր էր:
2055 թվական. Երկիր մոլորակն ավերված է, ամենուր հրդեհներ ու փոթորիկներ, կմախքներ ու կիսաքանդ շինություններ: Ֆիլմի հերոսը նայում է էկրանին ու դեմքի բացակա արտահայտությամբ ասում՝ «Մենք կարող էինք փրկել ինքներս մեզ, բայց չարեցինք»: Նա սկսում է թերթել լուրերի էլեկտրոնային արխիվները: Ֆիլմը պատմում է գլոբալ տաքացման հետեւանքով հազարավոր մարդկային կյանքերի կորստի, մշակովի հողատարածքների հարյուրավոր հեկտարների անապատացման, Արկտիկայի սառույցների աննախադեպ արագ հալչելու, տասնյակ երկրներ ջրի տակ հայտնվելու մասին: Նկարի հեղինակն ադրադառնում է նաեւ երկրագնդի աղտոտման խնդրին, որն իրականացվում է ջերմոցային գազերի արտանետումների, նավթի պաշարների ոչ ճիշտ օգտագործման եւ գազի այրումների շնորհիվ: Ռեժիսորն իր մտահոգությունն է ներկայացնում, թե ինչպես Նիգերիայում, որտեղ գտնվում է Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող նավթի պաշարների մեծ մասը, նավթի կողքին հայտնաբերվող գազը թանկության ու վտանգավորության պատճառով չի արտահանվում Նիգերիայից, այլ այրվում է: Գազը չի օգտագործվում անգամ Նիգերիայում, քանի որ դրա օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար գումար է անհրաժեշտ, իսկ կառավարությունը խուսափում է նման ծախսերից, ինչի հետեւանքով գազի այրումից տարեկան արտանետվում է շուրջ 70 մլն տոննա ածխաթթու գազ: Դա ավելի է, քան 10 մլն բրիտանական տների տարեկան արտանետումները միասին վերցրած, ինչն էլ հանդիսանում է տարբեր հիվանդությունների պատճառ՝ ասթմա, բրոնխիտ, տիֆ, խոլերա եւ այլն:
Սրանք են կլիմայի փոփոխության հետեւանքները, նկատում է ֆիլմի ռեժիսորն ու եւս մեկ անգամ հիշեցնում, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ հնարավոր է կանխել գլոբալ տաքացումն ու փրկել Երկիր մոլորակը՝ կլիմայի փոփոխությունից:
«Հիմարության դարը» ֆիմի երեւանյան պրեմիերան կայացավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նկարում արծարծվող թեման իսկապես արդիական է եւ ժամանակն է մտածել կլիմայի փոփոխությունը վերահսկելու մասին: Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ է իրականում տեղի ունենում աշխարհում: Ֆիլմն ինձ շատ հուզեց, այսօր առաջին անգամ էի այն տեսնում, ուստի որոշեցի իմ յուրօրինակ ներդրումն ունենալ՝ սկսելով իմ ապրելակերպի փոփոխությունից՝ այլեւս քիչ օգտվել մեքենաներից եւ ոտքով շատ քայլել: Ֆիլմը կարիք ունի մեծաթիվ հանդիսատեսի, այն ավելի շատ մարդկանց պետք է ցուցադրել, որ հասկանան, թե ինչ վնաս են հասցնում Երկիր մոլորակին, ու ինչ պատկեր կունենանք 2055-ին, եթե այսկերպ շարունակենք ապրել: Չնայած ֆիլմում հիմնական սլաքը Մեծ Բրիտանիայի վրա էր, սակայն այն համընդհանուր հարց է բարձրացնում»: