Ֆրանց Վերֆելի վեպը նորովի մեկնաբանվեց
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման պրեմիերան, որը բեմադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը: Հանդիսատեսը ոգեւորությամբ հետեւում էր ներկայացման ընթացքին, որի հիմքում մեծ եղեռնին նվիրված Վերֆելի նշանավոր երկն է, առաջին օտարերկրացի գրողի հերոսապատումը, որը ժամանակին աշխարհում բացեց շատերի աչքերը: Այս ստեղծագործությունը առաջին անգամ չէր բեմադրվում մեզանում. 1980-ականների կեսերին Գրիգոր Չալիկյանի ինքնատիպ մտահղացմամբ այս գործը ներկայացվեց հեռուստաթատրոնում՝ Խորեն Աբրահամյանի, Լեւոն Թուխիկյանի եւ մյուսների դերակատարումներով: Էլբակյանի բեմադրությունը հուզիչ էր, հագեցած հետաքրքիր լուծումներով:
Ա. Էլբակյանն ընտրել է վեպի առանցքային դրվագները, սակայն երբեմն տրվելով զարմացնելու միտումին: Կարծում ենք, որ ավելորդ էր Էնվեր փաշայի (Գարեգին Չեփչյան), Հալիդե հանըմի (Մարջան Ավետիսյան) այդքան ներկայանալն ու չքանալը գնացքի կուպեում: «Ծամծմված» է նաեւ դերակատարներին դահլիճ բերելու ձեւը, կարճ ասած՝ դերասան-հանդիսատես կապը միավորելու հղացումը: Ուշագրավ էին քաղաքական ու սիրային տեսարանները, միանշանակ ստացված էր ներկայացման ավարտը թե զգացմունքային եւ թե պաթետիկ լուծումներով, ինչն ամբողջացնում էր ողջ ասելիքը, դառնալով յուրօրինակ հիմներգություն: Բեմադրիչի գլխավոր ձեռքբերումը հայրենասիրական այն լիցքն էր, որով պարուրված էր ներկայացումը: Բեմադրության ավարտին հանդիսատեսի գերակշիռ մասը խոսում էր այն մասին, որ անպայման արժեր Վերֆելի այս ստեղծագործության բեմ բարձրանալը, որովհետեւ մեր օրերում նոր իրողություններ են գրանցվում հայ-թուրքական հարաբերություններում: Հետաքրքիր էին ներկայացված Գաբրիելի եւ Ժուլիեթի հարաբերությունները, որոնց կերպարները մարմնավորող Հարություն Մովսիսյանն ու Աննա Էլբակյանը վաղուց Մայր թատրոնի բեմում նման նշանավոր աշխատանք չէին ստեղծել: Ծափողջույնները շռայլ էին Գրետա Մեջլումյանին (Անթառամ մայրիկ), Ռազմիկ Խոսրոեւին (բժիշկ Ալթունի), Լորենց Առուշանյանին (տեր Հայկազուն), Ազատ Գասպարյանին («ձայն»): Իսկ պատանի Արեգ Գեւորգյանի խաղը (Ստեփան) ողջ ներկայացման ընթացքում հունից հանում էր (լավ իմաստով) հանդիսատեսին: Երկու մասից բաղկացած ներկայացումը, անխոս, շահեց բեմադրող նկարիչ Դավիթ Մինասյանի եւ կոմպոզիտոր Գարի Քեոսայանի ձեռագրից:
Հանդիսատեսի շրջանում ասելիք դարձավ բեմականացման եւ բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի համար նախատեսված օթյակից ներկայացումը դիտելը: Շատերն արտահայտեցին այն միտքը, թե վերջապես կլուծվի տեւական ժամանակ քննարկման նյութ դարձած թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի հարցը: Ոմանք էլ վստահ լինելով, որ բեմադրությունից հետո Ա. Էլբակյանը կզբաղեցնի այդ պաշտոնը, զուգահեռներ էին տանում մնացած թեկնածուների՝ Ա. Մազմանյանի, Ն. Ծատուրյանի, Հ. Ղազանչյանի միջեւ, որոնց անունները, ի դեպ, վաղուց շրջանառվում են: