Ասում է դերասանուհի Անահիտ Թոփչյանը
«Այնքան կարճ է մեր կյանքը, որ չենք հասցնում մոռանալ, ես այսօրվա պես եմ հիշում ուսանողական տարիներս, ինչպե՞ս դա անցյալ համարեմ, երբ դա իմ ներկան է, ու ամեն օր ապրում եմ հիշողություններով: Մի կյանք մոռանալու համար մի քանի կյանք է հարկավոր ապրել»,- երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում, ուսանողական տարիները վերհիշելով, պատմում էր ԵՊՀ ռուս-բանասիրական ֆակուլտետի նախկին ուսանող, իսկ հիմա՝ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, դերասանուհի Անահիտ Թոփչյանը: Նա պատմեց, որ դեռ ուսանողական տարիներից է սկսել դերասանական կարիերան. «Սովորում էի ցերեկային ժամերին, առավոտյան Դրամատիկական թատրոնում փորձերի էի, երեկոյան կրկին թատրոնում էի կամ փորձերի, կամ էլ ներկայացման. ես իմ առաջ նպատակ էի դրել դերասանուհի դառնալ ու գիտեի, որ դրա համար անհրաժեշտ նախապայմանները անհատականություն, զարգացած եւ «ես»-ի մեջ խորասուզված լինելն է»: Դերասանուհին նկատելով, որ մեր օրերի երիտասարդությունը ծանոթ չէ նախորդ սերնդի արվեստագետների կյանքին ու գործունեությանը, ուսանողների հետ հանդիպման ընթացքում ցուցադրեց իր խաղացած մի քանի ներկայացումներից հատվածներ՝ վիդեո տարբերակով:
Ա. Թոփչյանը խոստովանեց, որ «Կիբոսա. 7-րդ դար» բեմադրությունը իր ամենից սիրելի ներկայացումներից էր, ցուցադրման ժամանակ տիկին Թոփչյանը պատմեց, որ բեմադրության մեջ ստրուկի դերում հանդես եկող Բինգոն իրականում թատրոնում բանվոր էր աշխատում. «Ամբողջ խմբով փնտրում էինք մի դերասան, ով նման կլինի սեւամորթի, ես ուշադիր զննում էի թատրոնում բոլոր տղաներին ու մի օր ներկայացման փորձի ժամանակ համարձակվեցի ասել, որ ես այդ դերը կատարելու հարմար դերասան եմ գտել ու առաջարկեցի բանվորին այդ դերը կատարելու համար: Պետք է նկատեմ, որ իմ ընտրությունը ճակատագրական էր… տարիներ անց այդ տղան ստացավ դերասանական կրթություն եւ լուրջ դերասան դարձավ, անունը չեմ հիշում, բայց տարիներ հետո իմացա, որ տարբեր ներկայացումներում է հանդես գալիս»:
Ապա ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը ներկայացրին դերասանուհուն: Էմմա Գեւորգյանին հետաքրքրում էր, թե դերասանուհու կյանքում պատահե՞լ են ստեղծագործական ճգնաժամեր եւ ինչպե՞ս է նա հաղթահարել դրանք. «Մի պահ եկավ, որ թատրոնում ինձ այլեւս գլխավոր դերեր չէին տալիս, ես տառապում էի, բայց ամեն ինչ հարթվեց, ու հրավերների տարափ հաջորդեց: Ես երբեք անգործ չեմ մնում, եթե դեր չկա, ինքս եմ ստեղծում, եթե ստեղծագործական ճգնաժամ, է, ես այդ բացը լրացնում եմ ստեղծագործելով, մտածելով, ծրագրեր կազմելով»,- ասաց դերասանուհին՝ կոչ անելով ուսանողներին երբեւէ չընկճվել ու պայքարել դժվարությունների դեմ:
Նաիրա Վերդյանն էլ հարցրեց, թե սերիալներում նկարահանվելու առաջարկներն ինչպե՞ս է դերասանուհին ընդունում. «Ստացել եմ նման առաջարկներ ու զարմացել, որ ինձ սերիալներում հանդես գալու առաջարկով են դիմում: Վերջերս էլ նման առաջարկ ստացա, ուսումնասիրեցի սցենարը եւ տեսա, որ իմ հերոսը գրեթե ասելիք չունի ու մերժեցի՝ խոստանալով, որ կբերեմ իմ գրած սցենարը. արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ, առաջիկայում կսկսվեն բանակցությունները»,- ասաց Ա. Թոփչյանը: Լաուրա Սիմոնյանին հետաքրքրում էր նախորդ եւ այս սերնդի երիտասարդության տարբերությունները. «Գրեթե տարբերություններ չկան, տեսնում եմ նույն խանդավառ ու գեղեցիկ ուսանողներին, որոնց մեծ մասը բուհ է գալիս ուսանելու նպատակով»,- պատասխանեց դերասանուհին: Արթուր Գեղամյանն էլ տիկին Թոփչյանից ցանկացավ իմանալ, թե նա երբեւէ սայթաքե՞լ է կյանքում, երբեւէ արե՞լ է այն, ինչ չպետք է աներ, կամ հակառակը. «Սայթաքումներիցս մեկը գուցե այն էր, որ Մոսկվայի թատրոններից մեկի հրավերով պետք է աշխատեի ու միաժամանակ բնակվեի այնտեղ, իսկ ամուսինս չհամաձայնեց ինձ հետ այնտեղ բնակվել ու ասաց, որ ինքը վերադառնում է Հայաստան, եթե ես ցանկանում եմ աշխատել, պետք է միայնակ մնամ Մոսկվայում, իսկ ես հրաժարվեցի Մոսկվայում մեծ դերեր խաղալու հնարավորությունից ու հետեւեցի ամուսնուս»,- պատմեց դերասանուհին:
Իսկ անակնկալը՝ ամենավերջում: Մշակույթի կենտրոնի սաներից Լիլիթ Տեր-Վարդանյանը կատարեց դերասանուհու՝ «Մենախոսություն գժանոցում» ստեղծագործության տպավորություններով գրած իր երգը: Տիկին Թոփչյանը երգը լսելուց հետո խոստացավ իր այդ գործի հիման վրա ստեղծված ներկայացումը խաղալ հենց այդ երգի հնչյունների ներքո ու կենտրոնի բեմում: