Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՔՈԼԵՋՈՒՄ

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"Երեւանի հումանիտար քոլեջը փորձում է ինտեգրել մտավոր եւ ֆիզիկական արատ ունեցողներին

Ամեն առավոտ տիկին Ռիտան իր 16-ամյա դստերը՝ Լուսինեն, բերում է Երեւանի պետական հումանիտար քոլեջ (ԵՊՀՔ): Լուսինեն մտավոր արատ ունի եւ միայնակ չի կարող տնից դուրս գալ: Տիկին Ռիտան շատ ուրախ է, քանի որ քոլեջում շփման շնորհիվ Լուսինեն ավելի աշխույժ է դարձել ու սովորելու ցանկություն ունի: «Այստեղ ուսանողներին է տեսնում, նրանց շարժուձեւը, կարգ ու կանոնը: Դարձել է ավելի ինքնուրույն»,- ասում է Ռիտա Սահակյանը:
Այս տարի առաջին անգամ ԵՊՀՔ-ն իր դռներն է բացել նաեւ ֆիզիկական եւ մտավոր արատ ունեցող երեխաների առջեւ: Քոլեջը նախկինում էլ է ունեցել այդպիսի երեխաներ, սակայն նման կուրս առաջին անգամ է ձեւավորվում: Այս ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համատեղ: 25 ուսանողներից 13-ը «Ջերմիկի անկյուն» հիմնադրամ-տան բնակիչներն են, մյուսներն առանձին ընտանիքներից են: Նրանց համար քոլեջում գործում է 2 բաժին՝ գորգագործություն եւ այգեգործություն: Ընդունելությունը մրցութային չի եղել. բոլոր դիմորդներն ընդունվել են: Իսկ տարիքային սահմանափակում չկա: «Սկզբում հույս չունեի, մտածում էի՝ դե, ծրագիր է, որ պետք է իրականացնենք եւ, հավանաբար, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Սակայն ամեն ինչ ծրագրվածի պես է ընթանում: Բարձրացիր, բարձրացրու»,- ասում է ԵՊՀՔ-ի տնօրեն Հրաչյա Հակոբջանյանը:
Երեք դասախոսներ վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, իսկ շատերն էլ ժամանակ առ ժամանակ հանդիպում են «Հույսի կամուրջի» մասնագետների հետ: «Այս երեխաները ոնց որ ուսման ծարավ լինեն: Երեխաներ, որոնք ձգտում ունեն սովորելու, հաճույքով են հաճախում, ոչ ոք նրանց չի ստիպում,- ասում է քոլեջի դասախոս, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը:- Շատ տաղանդավոր երեխաներ են: Ես հաճույքով եմ մտնում իրենց լսարան: Կարծում եմ, որ մեր մյուս երեխաները նրանցից սովորելու բան ունեն, իրենք էլ՝ նրանցից»:
Քոլեջի ուսանողների մի մասը լավ է վերաբերվում մտավոր արատ ունեցող ուսանողներին: «Ես չեմ էլ նկատում, որ նրանք մեզանից ինչ-որ բանով տարբերվում են, իրենք էլ մեզ նման մարդիկ են»,- ասում է ուսանողուհի Աստղիկը:
Սակայն կա նաեւ երեխաների մի խումբ, որ վախենում է նրանցից, քանի որ այս խմբի ուսանողների մի մասն ունի նաեւ ֆիզիկական արատ: «Իրենց նորմալ եմ վերաբերվում, բայց մի տեսակ եմ լինում, որ տեսնում եմ: Մեկ-մեկ վախենում եմ իրենցից»,- ասում է նույն քոլեջի ուսանողուհի Նազենին:
Մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող ուսանողներից 11-ը սովորում է այգեգործության բաժնում, 14-ը՝ գորգագործության: Լուսինեն շատ է սիրում գործել: Գորգագործություն, ճիշտ է, չի սիրում, բայց հաճույքով է դասի գալիս: Պարզապես շատ է հոգնում դասերին: Իսկ «Ջերմիկի» բնակիչներին դասի են բերում եւ նրանց դասերին հետեւում են իրենց մանկավարժները: «Առաջ էլ էին մեզ մոտ դասեր անում, բայց դե հիմա առաջընթացը զգացվում է: Հիմնականում այս շփումն է, որ ավելի է բացում իրենց, հաղորդակցման ոլորտը մեծացել է: Այդ է միայն: Թե չէ՝ որ ասես ինչ-որ բան սովորեն… Կարող է, որ մի բանը շատ-շատ ասես՝ սովորեն,- ասում է խնամակալ-բուժքույր Կարինե Յախինյանը:- Բայց ձեռագործից, բան չունեմ ասելու, լավ են, սիրում են»:
Դավիթը նույնպես «Ջերմիկից» է, շատ է սիրում ասեղնագործել, կարպետներ պատրաստել: Սակայն նա ցանկանում է դառնալ «պապիե մաշեի» վարպետ: «Պապիե մաշեն» ստվարաթղթով գեղեցիկ իրերի պատրաստումն է: «Ռադիո եմ սիրում լսել, որովհետեւ լավ համերգներ են լինում: Շատ եմ սիրում հայկական երգեր»,- ասում է Դավիթը:
Քանի որ այս ուսանողների մեծ մասն օժտված է լավ ձայնով եւ ձեռքի շնորհքով, քոլեջը նախատեսում է երգչախումբ հիմնել եւ ցուցադրել նրանց ձեռագործները:
30-ամյա Սուսանը շատ է ցանկանում վաճառել իր ձեռագործները. «Ուզում եմ փող հավաքեմ: Հետո ամուսնանամ, երեխաներ ունենամ, իրենց համար կօգտագործեմ: Մի լավ տղա լինի, լավ սկեսուր, ամուսնանամ, գնամ»,- ասում է նա: Սուսանի խոսքերով՝ «Ջերմիկում» իրեն լավ են խնամում, պարզապես իր բոլոր ընկերուհիներն արդեն ամուսնացել են, ինքն էլ է ուզում սեփական կյանք ունենալ: «Բայց որ սովորեմ, դիպլոմ ստանամ, չգիտեմ՝ ինչ եմ անելու: Կյանքիս նպատակը չգիտեմ»,- ասում է Սուսանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել