ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228 000 ՀՀ դրամին համարժեք $600 եւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի (նախորդ օրը սխալմամբ նշել էինք Գորիսի դատախազ) կողմից 190 000 ՀՀ դրամին համարժեք $500 նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ:
Իսկ ըստ ԱԱԾ-ի, պարզվել էր նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից եւ տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Հերոս Ներսսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեւակերպման եւ նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ:
Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը, ըստ նախաքննության մարմնի տվյալների, Բագրատ Ներսսսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Բագրատի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 600 ԱՄՆ դոլար: Իսկ դատախազ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռեւս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոսը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Վերջինս 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանը եւ պետի տեղակալ Կ. Զադոյանը, նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գ. Ղավալբաբունցը, ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալվել են, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է կատարել ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր դատավարական գործողությունները: