Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ այդքան վատ չէ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Խոհեր Եռաբլուրի մասին «Առավոտի» մի հրապարակման շուրջ

Ուզում ենք հավատալ, որ «Առավոտի» հարգարժան լրագրողին հայոց սրբավայրերից մեկը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը առավել բարեկարգ, գեղեցիկ, խնամված տեսնելու ամենաազնիվ մղումներն ու անկեղծ մտահոգություններն են ստիպել գրիչ վերցնել ու գրել… «Եռաբլուր»՝ հարբեցողների կռվատեղի» վերտառությամբ թղթակցությունը։
Քավ լիցի, մենք բոլորովին էլ այն կարծիքին չենք, որ թերություններ ու բացթողումներ չկան զինվորական պանթեոնում։ Ցավոք, եւ չորացած ծառ ու ճյուղի կարելի է հանդիպել, եւ կոտրված լուսավորության լապտերների, եւ կանաչ խոտերի մեջ նետված աղբի տոպրակի… Ինչպես չենք բացառում, որ մոտ քսանյոթ հեկտար տարածք զբաղեցնող, քաղաքի բանուկ ճանապարհներից զատված, շրջակա առեւտրական հաստատություններից ցանկապատով, արգելապատով չառանձնացված տարածքի մի անկյունում կարող է նաեւ երբեմն տղայական «ռազբորկաների», անբարո վարքի տեր անհատների հանդիպման վայր դառնալ, ճիշտ այնպես, ինչպես, ասենք, մեր ժողովրդի մյուս սրբավայրերն են դառնում՝ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, Հայոց մեծերի պանթեոնը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Հաղթանակ զբոսայգու շրջակայքը… Այո, տխուր, չափազանց տխուր, դառը, մեր ժողովրդին պատիվ չբերող իրողություն է, բայց, ցավոք, փաստ։ Եվ այս հարցում արդեն մեղավորության բաժին ունենք մենք բոլորս, մեր ամբողջ հասարակությունը։
Ձեր թերթին պատասխանելու է դրդում վերոհիշյալ հոդվածի հեղինակի քննադատելի եզակի փաստերն ընդհանրացնելը, չարդարացված մաքսիմալիզմը։ Ի վերջո, ասելիքը վերաբերում է այնպիսի զգայուն ու նուրբ մի թեմայի, ինչպիսին հայրենիքի համար զոհվածների պանթեոնն է։
Լրագրողն ասում է. «Արծաթափայլ եղեւնին… փուշ է դարձել» ու չի ուզում նկատել դեպի Զորավար Անդրանիկի, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Մոնթեի եւ մյուս մեծերի գերեզմանները տանող սլացիկ եղեւնիների կուռ շարքերը, երբ տեսնում է ինչ-որ անկյունում, կանաչ խոտերի մեջ ընկած աղբի տոպրակն ու աչքը փակում՝ ամբողջ այգու աչք շոյող մաքրության, թարմության ու զմրուխտ կանաչի առաջ… Ախր եթե պանթոնի ծառերը շաբաթօրյակից շաբաթօրյակ ջրվեն կամ էլ միայն «հարգանքի ու հիշատակի օրերին», ինչպես ասված է թղթակցության մեջ, այգին վաղուց անապատի պետք է վերածված լիներ… Ախր պանթեոնի աշխատակիցները անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող «բարձրաստիճան պաշտոնյաների» այցելության օրերին միայն ցայտաղբյուրները բացել, քանի դեռ խմելու ջրի հին, մաշված, սառնամանիքներից պայթած խողովակները չեն ապամոնտաժվել ու նորով փոխարինվել… Եվ հավատացեք, «Եռաբլուրի» սովորական օրերի հիմնական այցելուները բոլորովին էլ «ռազբորկայի» եկածները չեն, ինչպես շեշտված է թերթում, այլ իրենց երեխաների հետ պանթեոն եկողները, շրջակա թաղերի բնակիչները, դպրոցականները, զինվորականները, զոհվածների մարտական ընկերները…
Ի դեպ, արդեն կազմված են ամբողջ պանթեոնի խմելու ջրի, ինչպես նաեւ լուսավորության համակարգերը արմատապես նորացնելու նախահաշվարկներն ու գծագրերը, որոնք մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն։
ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պահեստազորի կապիտան,
Արցախյան ազատամարտի մասնակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել