Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ ՄԱՐԴ ՉՏԵՍԱՆՔ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Երեւի բոլորը խիստ զբաղված էին

Այն, որ հայկական դիվանագիտությունը չի փայլում՝ դա նորություն չէ, բայց որ տարրական հարցերում Հայաստանը ներկայացնող չունենք՝ այն էլ մի այնպիսի երկրում, ինչպիսին է Միացյալ Նահանգները, սա, ինձ թվում է, պետք է որ մեր արտաքին գերատեսչությունը ղեկավարող անձանց անհանգստացնի:
Հոկտեմբերի 18-23-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված Global Leadership Forum-ի շրջանակներում հավաքվել էին աշխարհի 97 երկրներից ԱՄՆ-ում մեկ տարի ժամկետով մասնագիտական զարգացման նպատակով գտնվող Humphrey Fellowship ծրագրի 187 մասնակիցները: Նշված միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում՝ ի պատիվ աշխարհի 97 երկրներից ժամանած Humphrey Fellowship ծրագրի 187 մասնակիցների, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել, որին հրավիրվել էին բոլոր 97 երկրների դեսպանները՝ իրենց պետությունից Humphrey Fellowship ծրագրով ընտրված մասնակիցների հետ ծանոթանալու եւ ըստ էության երկիրը պաշտոնապես ներկայացնելու նպատակով: Ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ պետական դեպարտամենտի պատմական՝ Բենջամին Ֆրանկլինի անունը կրող թանգարան- սրահում, որտեղ ստորագրվել են բազմաթիվ պատմական փաստաթղթեր:
Միանգամից նշեմ, որ Հայաստանի դեսպանությունից ոչ ոք չէր եկել եւ մենք՝ Հայաստանի երկու մասնակիցներս՝ Էդմոն Մարուքյան եւ Գայանե Մարտիրոսյան, անընդհատ ստիպված էինք մեր ընկերների կամ այլ հյուրերի հարցին՝ թե ո՞վ է ներկայացնում Հայաստանի դեսպանությունը, կրկնել, որ, ցավոք, ոչ ոք չի եկել: Ի տարբերություն մեր դեսպանի, Ադրբեջանի դեսպանը անձամբ էր մասնակցում իրեն ուղեկցող մի քանի անձանց հետ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի, աֆրիկյան եւ այլ երկրների դեսպաններ: Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Մակեդոնիայի եւ այլ դեսպանությունները ներկայացված էին դեսպանից մի մակարդակ ցածր դիվանագետներով: Միայն Հայաստանի, Ալժիրի եւ Եգիպտոսի դեսպանություններն էին, որ որեւէ մեկով ներկայացված չէին: Ալժիրցի ընկերս նեղսրտած նկատեց, թե գոնե վարորդին ուղարկեին, քանի որ, միեւնույն է, այստեղ ոչ ոք չէր էլ իմանալու, թե ով է եկել. կիմանայինք, որ երկրի դեսպանությունից ինչ-որ մարդ, այնուամենայնիվ, ներկայացել է: Ըստ էության, չեմ կարող չհամաձայնել իմ ալժիրցի ընկերոջ հետ, ամեն դեպքում դեսպանը հնարավոր է զբաղված լինի, բայց դեսպանությունում բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ կան, որոնք երկիրը ներկայացնելու համար են աշխատավարձ ստանում եւ դեսպանը իր չներկայանալու պարագայում պարտավոր էր ինչ-որ մեկին ուղարկել դեսպանությունից, եթե ոչ դիվանագետի, ապա միգուցե իր վարորդի՞ն:
Ավելացնեմ նաեւ, որ բացի դեսպաններից, միջոցառմանը հրավիրված էին Վաշինգտոնի հայտնի համալսարանների նախագահներ, միջազգային առաքելությունների ներկայացուցիչներ եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնյաներ:
Միջոցառմանը մասնակցում էր անձամբ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների տեղակալ՝ Jacob J. Lew-ն, որն էլ հանդես եկավ բացման խոսքով՝ ողջունելով հյուրերին եւ հաջողություններ մաղթելով Humphrey Fellowship ծրագրի մասնակիցներին:
Այս հոդվածը գրելու ամբողջ նպատակս այն է, որ տեղեկացնեմ Հայաստանում բնակվող մեր քաղաքացիներին, որ մեր հարկերի հաշվին պահվող դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները Հայաստանը չեն ներկայացնում, քանի որ շատ զբաղված են ու դրա ժամանակը չունեն:
Մյուս կողմից, եթե այդքան կարեւոր միջոցառում չէր, ապա ինչո՞ւ էր միջոցառմանն անձամբ մասնակցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, այն դեպքում, երբ հոկտեմբերի 20-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին ընդունեցին երկրի նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը: Այսինքն, մեր դեսպանը հարկ չի համարում հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին, բայց երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մեծ շուքով ընդունում են նույն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականին:
Միացյալ Նահանգներից՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել