«Համայնքային անտառների հիմնում» ծրագրի՝ Տավուշի ոչ հաջող փորձից հետո ծրագիրը իրականացվում է Լոռիում:
«Առավոտը» այս տարվա հուլիսի 24-ի եւ օգոստոսի 21-ի համարներում «Անտառների ճակատագիրը՝ մշուշոտ» եւ «Վարկը ծախսվել է, բայց արդյունք չկա» հրապարակումներով անդրադարձել է Տավուշի մարզի անտառները համայնքներին փոխանցելու նախաձեռնությանը: Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած վարկով անցած տարի իրականացված այս ծրագիրը հաջողություն չէր ունեցել՝ համայնքները անտառները պահելու միջոցներ չունեն: Օգոստոսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի մակարդակով քննարկման ժամանակ պարզվել էր, որ «Հայանտառի» համակարգից անտառների փոխանցումը համայնքային անտառտնտեսություններին՝ տնտեսապես աննպատակահարմար է, որովհետեւ այդ դեպքում, մոտավոր հաշվարկներով, ծախսերը մոտ 5 անգամ աճում են:
Չնայած սրան, Շվեդիայի հարեւան Նորվեգիայի կառավարության աջակցությամբ Տավուշի հարեւան Լոռու մարզում է իրականացվում «Համայնքային անտառների հիմնում» փորձնական ծրագիրը:
Լոռու մարզի Մարգահովիտի անտառտնտեսությունը 5000 հա տարածք է զբաղեցնում: Չնայած պատերազմին, այստեղ դժվարությամբ, բայց անտառի դեմքը պահպանել են եւ 5000 հեկտարը այսօր ավելանալու միտումներ ունի: Գուցե զարմանալի է, որ մի կողմից գրեթե ամեն օր լսում ենք բնապահպանական հերթական «ոճրագործության» մասին, մյուս կողմից՝ կարելի է հանդիպել հնարավորինս պահպանված հեկտարներով անտառի:
Մարգահովիտում մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ, անտառապետից սկսած՝ մինչեւ անտառի խնամքով զբաղվող մասնագետները, համագյուղացիներ են, «նույն հող ու ջրի մարդիկ», անտառն էլ իրենց մի զավակն է: Սա եզակի դեպք է, երբ անտառտնտեսության բոլոր աշխատակիցները նույն գյուղի բնակիչներ են: Իհարկե, այստեղ էլ զերծ չեն խնդիրներից: Եվ հույս ունեն, որ այդ խնդիրները կլուծվեն նորվեգական կառավարության աջակցությամբ՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լեռնապատ եւ Կողբ համայնքներում իրականացվող «Համայնքային անտառների հիմնում» փորձնական ծրագրով:
Ծրագրի մեկնարկը «Անտառի օրն» էր եւ ծառատունկը՝ (տնկվեց շուրջ 60 թխկի, արոսենի, հացենի): Միայն վերջին 5 տարիներին այստեղ տնկվել է շուրջ 100 հեկտար՝ հիմնականում սոճու անտառ: Մարգահովիտի 2 տնկարաններից մեկը պատկանում է տեղի անտառտնտեսությանը՝ տնկիներ մատակարարելով ծառատնկումների ժամանակ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարգահովիտում եւ Լեռնապատում կտնկվի 5-ական, Կողբում 7 հա անտառ, կցանկապատվի տարածքը:
Ծրագրին շարունակություն ապահովելու համար վերոնշյալ 3 համայնքներում, ինչպես Տավուշի մարզի համայնքներում, նախատեսվում է հիմնել ՍՊԸ-ներ, որոնց միջոցով կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային ֆոնդից համայնքային կառավարմանը փոխանցվելիք անտառտարածքի շահագործումը: Սա, սակայն, այնքան էլ դյուրին գործ չէ: Համայնքները չեն կարող իրենց վրա վերցնել ծախսային պարտավորությունները, հատկապես որ՝ անտառից օգուտ ստանալու, ծախսերը փոխհատուցելու համար տասնյակ տարիներ են պետք: Նորվեգական կողմն էլ հստակեցրել է իր օգնության ուղղությունները: «Նորվեգական կառավարությունը հաստատ չի գա, չի վճարի ձեր ՍՊԸ-ների աշխատակիցների աշխատավարձերը: Կարող ենք օգնել տնկարան հիմնելու, տնկանյութ ձեռք բերելու, սարքավորումներ գնելու հարցում»,- լոռեցիներին տեղեկացրեց Նորվեգիայից եկած Քեմբլ Դեյը:
Մարգահովիտի գյուղապետի տեղակալ Սամվել Անանյանն էլ մեզ ասաց, որ այժմ անտառների համար գյուղապետարանը ֆինանսական հնարավորություն չունի, բայց պատրաստ է դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին:
«Այժմ խիստ անբավարար է անտառի վիճակը: Խորհրդային տարիներին հանրապետության 11 տոկոսը անտառածածկ էր, այժմ թեեւ հստակ վիճակագրություն չկա, պետք է ենթադրել, որ ավելի է պակասել անտառապատ տարածքը: Այս պայմաններում մեծ տեղ է հատկացվում արհեստա֊կան անտառաճեցմանը, որը մեծ դեր ունի: Անտառներ շատ ենք կորցրել, հարկ է ավելի շատ անտառ վերականգնել»,- ասաց Գուգարքի անտառպետության գլխավոր անտառապետ Գագիկ Ամիրյանը: Մեր աղբյուրների համաձայն, այժմ անտառածածկ է ՀՀ տարածքի ընդամենը 9 տոկոսը:
Ըստ Գագիկ Ամիրյանի. «Ներկա վիճակը անհանգստություն է պատճառում, կատարվել է ծառերի տեսականու փոփոխություն, որոշ տեղերում այդ փոփոխությունը համատարած բնույթ է կրում: Բայց դրական միտում էլ կա: Մեծ թափ է առել անտառային մշակույթների հիմնադրման գործը: Գուգարքի տարածաշրջանում Մարգահովիտի անտառտնտեսությունը եզակի է արգելավայրային կարգավիճակով եւ յուրահատուկ էկոհամակարգով: Գրեթե ողջ անտառագոտին տեղաբաշխված է 1700 մետրից բարձր, առանձին լեզվակներ հասնում են մինչեւ 2300-2350 մետր բարձրության, բոլոր տեղերում առկա են անտառային մշակույթներ»: Մարգահովիտում հանդիպում են «Կարմիր գրքում» հայտնված էնդեմիկ ծառատեսակներ եւ թփեր՝ բարձրլեռնային թխկի, կովկասյան մրտավարդ: