Հոկտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի մատույցներում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի մոտ տեղի է ունեցել սպանություն: Սպանվածը 1983 թվականին ծնված, Աշտարակ քաղաքի բնակիչ Հարություն Բեկյանն է: Մարդասպանները երիտասարդին կյանքից զրկել են առանձնակի դաժանությամբ՝ հենց սպանվածի շենքի բակում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
Երիտասարդ տաքսու վարորդ Հարություն Բեկյանը տուն է վերադարձել ուշ ժամի, սակայն չի հասցրել բնակարան մտնել: Ավտոմեքենայի դռները փակելուց հետո նա շարժվել է դեպի մուտք, սակայն դարանակալած մարդասպանները շրջապատել են նրան ու ծեծելով հեռացրել շենքի բակից:
Մեր տեղեկություններով, սպանության մասնակիցները 8-10 հոգի են եղել եւ իրենց սեւ գործն անելիս օգտագործել են ինչպես բութ առարկաներ, այնպես էլ՝ սուր-կտրող գործիքներ: Ասվածի մասին են վկայում դատաբժշկական փորձաքննության արդյունքները. սպանվածի մարմնի վրա ոչ միայն կտրող գործիքների խոր հետքեր են, այլեւ մի շարք կոտրվածքներ: Մասնավորապես, կոտրվածքներ կան երիտասարդի գլխին, ոտքերին՝ ծնկներից ներքեւ եւ մարմնի այլ մասերում: Իսկ դանակի հարվածների քանակը մոտ երկու տասնյակ է:
Ոճրագործությունը կատարվել է գիշերային լռության մեջ, բայց բնակելի շենքերի հարեւանությամբ: Նախաքննությունը կարող է պարզել՝ շենքերի բնակիչներից որեւէ մեկը ինչ-որ բան, ասենք՝ օգնության ճիչ, բղավոց, լսել կամ տեսե՞լ է:
Ոստիկանության մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ սպանություն կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվածներ կան. աշտարակցի երկու եղբայրներ, որոնք, ըստ վարկածի՝ սպանվածի հետ գումարի պարտք ու պահանջի հարց են ունեցել: Համաձայն նույն աղբյուրի՝ եղբայրներին «դուխ» տվողը ընտանիքին մոտ կանգնած բարձրաստիճան մի ոստիկան է՝ ոստիկանության Արագածոտնի մարզի բաժիններից մեկի աշխատակից: «Ճիշտ է՝ մեր տղային էլ ետ չենք բերի, բայց չենք էլ դիմանա, երբ մարդասպաններին ազատության մեջ տեսնենք: Իսկ էս երկրում ոչինչ չի կարելի բացառել»,- ասաց սպանվածի հարազատներից մեկը: