Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը ներում է, բայց դատարանում շարունակվում է
քննարկվել եկեղեցապատկան հողատարածքների զավթման թեման:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին սկսվեց Գյումրիի քաղաքապետ -Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ «մենամարտը»: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գաղտնի ստորագրահավաք կազմակերպեց հոգեւոր թեմի առաջնորդին գահընկեց անելու համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ, քաղաքապետին մեղադրելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողատարածքները զավթելու ու օտարելու մեջ, դիմեց Շիրակի մարզի դատախազություն: Քրգործ հարուցվեց Մայր աթոռին պատկանող Գյումրիի Օզանյան-1 հողատարածքը յուրացնելու ու այն կոմունիստ-փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդուն օտարելու համար: Սակայն, սպասվածին հակառակ, քրգործ հարուցվեց ոչ թե բուն մեղավորների՝ քաղաքապետի կամ Գյումրիի կադաստրի նախկին պետի դեմ, այլ մարդկանց, որոնք ընդամենը «պետերի հրամանները կատարողներ» են:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանը եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ Գրիգորյանը: Չնայած հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նամակ էր հղել դատարանին՝ հայտնելով, որ քրիստոնեական ներողամտությամբ է մոտենում հարցին, Վարդան Ղուկասյանն էլ կաթողիկոսի հորդորանքով վերադարձրել է եկեղեցուց զավթած հողատարածքը, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այս գործով դատարավությունը: Երեկ դատարանը լսեց 10 վկաների, որոնք աշխատել են Օզանյան-1 հասցեում՝ «Հայորդաց տան» շինարարության վրա: Պետական մեղադրող Վաղարշակ Մխիթարյանը բոլորին նույն հարցն էր տալիս՝ «Ձեր աշխատելու ընթացքում տեսել կամ լսե՞լ եք, որ որեւէ մեկը չափագրումներ կատարի այդ տարածքում»: Բոլոր վկաների պատասխանը մեկն էր՝ ոչ: Կես վայրկյան քննելով ամեն մեկին ու ոչ մի կարեւոր տեղեկություն չստանալով, մեղադրողը միջնորդեց դատարանին՝ Գյումրիի քաղաքապետարանից պահանջել «Հայորդաց տան» վերանորոգման նախագիծը, պաշտոնապես տեղեկացնել, թե ո՞վ է եղել այդ ժամանակվա ճարտարապետը, ո՞վ է «բաց թողել» նախագիծը, այնուհետեւ ներկայացրել Օզանյան-1 փողոցում գտնվող 116 քմ հողատարածքի համար հայտարարված աճուրդ-վաճառքի մասնակիցների հայտերը, աճուրդի կայացման արձանագրություններն ու անդորրագրերը: Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը: Իսկ ահա Հենրիկ Գասպարյանը, ով այժմ զբաղեցնում է Գյումրիի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, դժգոհեց, որ դատախազը վերադառնում է նախաքննական փուլ:
«Առավոտը» Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր մեղավորությունը: «Եթե հասկանամ՝ կասեմ, ես էլ չգիտեմ…»,- ասաց նա: Իսկ օրերս «Առավոտին» տված հարցազրույցում Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով այս թեման, ասաց. «Եկեղեցու իրավունքը կոնկրետ «Հայորդաց տան» պարագայում վերականգնված է: Այլեւս որեւէ խնդիր չունեմ, մինչ այդ էլ խնդիր չունեի, որ որեւէ մեկը դատվի, իմ նպատակը որեւէ մեկի դատապարտությունը չի եղել, այլ՝ եկեղեցու իրավունքների վերականգնումը: Ես ներում եմ նրանց, թեեւ նրանք ինձանից ներողություն չեն խնդրել, պետք է պարկեշտություն ու համարձակություն ունենային ներողություն խնդրելու, տեղյակ եմ, որ դատական գործընթացում նույնիսկ փորձում են մեղադրել մեզ: Աստված իրենց հետ, այո, ես իրենց ներել եմ»: «Առավոտի» այն հարցին, թե ներվողների թվում կա՞ն Գյումրիի քաղաքապետը, սրբազանը պատասխանեց. «Նա կարծեմ թե մեղադրանքի տակ չէ»: