Գյումրիում սկսվել է աղմուկ հանած գործի դատավարությունը
Տուժողի մայրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 15-ին Գյումրիի Անի թաղամասում, ոստիկանության քթի տակ՝ «Պրեստիժ» վաճառատան դեմ-դիմաց, օրը ցերեկով, չորս երիտասարդներ դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին, ով դեպքից 11 օր անց մահացել էր: Տիգրանի մոր՝ Ջավահիր Թորոսյանի պատմելով, պատճառը եղել է այն, որ տղայի ծանոթ աղջիկներից մեկը՝ Լիդա Եդիգարյանը, «Օդնոկլասնիկով» նամակ է ուղարկել իր որդուն՝ առաջարկելով ընկերություն անել իր հետ: Տղան մերժել է՝ գրելով. «Փախար, քու…»: Դրանից հետո, ըստ Տիգրանի մոր, Լիդան պարապմունքից դուրս գալով ժամադրել է իր ընկերոջը, որն էլ իր հերթին է ընկերներին բերել Տիգրանին ծեծելու համար: Վերջիններս էլ հարձակվել են ու խփել Տիգրանի գլխին: Անի թաղամասի ոստիկանությունն էլ թաքցրել է հանցագործությունը, որի պատճառով այժմ Գյումրիի ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանն ու նույն բաժանմունքի հետաքննիչ Սիմոն Սարգսյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, նրանց սպասվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հարյուրից երեք հարյուրապատիկի չափով՝ պաշտոնավարելու իրավունքից զրկելով կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Տեղեկացնենք, որ քրեական գործ է հարուցված նաեւ չորս երիտասարդների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածքներ հասցնելը, որի հետեւանքով անձը մահացել է: Երիտասարդ մարդասպանների գործը նախաքննության փուլում է, քանի որ դատախազությանը հաջողվել է կալանավորել նրանցից ընդամենը մեկին, իսկ մյուս երեքը փախուստի մեջ են: Իսկ ահա հանցագործությունը թաքցրած ոստիկանների գործը առանձին է քննվում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նախորդ օրը որպես վկա հրավիրվել էին Երեւանի Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության աշխատակիցները, Գյումրիի շտապբուժօգնության բուժակն ու «Ճերմակ հիվանդանոցի» գլխավոր բժիշկը: Երեւանցի ոստիկանները պատմեցին, որ ահազանգ են ստացել Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից, գնացել են հիվանդանոց, ու Տիգրանի ծնողներից տեղեկացել, որ տղան քիմիայի պարապմունքից դուրս գալիս վատ է զգացել, զանգել է իրենց, որից հետո նրան տեղափոխել են Գյումրիի «Ճերմակ հիվանդանոց»:
Ի դեպ, այս ոստիկանները երիտասարդին չեն տեսել, քանի որ նա գտնվել է վերակենդանացման բաժնում: Այնուհետեւ, երեւանցի ոստիկաններին է զանգել Գյումրիի ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանը՝ խնդրելով ցուցմունքից հանել «ոստիկանություն» բառը, չգրել, որ Տիգրանը ուշաթափվել է ոստիկանությունում: «Քանի որ տուժողի հարազատները ասում էին, որ ծեծ չի եղել, մեր տղան թող լավ լինի, ոստիկանության գործոնը ավելորդ է, այս բառին էական նշանակություն չտվեցի, կոլեգաներ են՝ զանգել-խնդրել են, ես էլ հանեցի «ոստիկանություն» բառը, գրելով, որ ուշաթափությունը եղել է փողոցում, նախորդ ցուցմունքն էլ պատռեցի-թափեցի»,- պատմում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի տեղամասային տեսուչ Սամվել Մարգարյանը:
Հաջորդ վկան՝ Գյումրիի շտապօգնության կայանի բուժակ Վարսիկ Մուրադյանը պատմեց, որ դեպքի օրը ահազանգ են ստացել այն մասին, որ Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան դիմաց ինչ-որ մեկը ուշաթափվել է: Մեկնելով դեպքի վայր՝ վերջինս ոչ մեկին չի տեսել, մի տարեց կնոջից է հետաքրքրվել, թե ո՞ւր է հիվանդը, նրան ցույց են տվել ոստիկանության բաժանմունքը. «Սովորաբար փողոցներում ուշաթափվում են հարբածները, երբ ներս մտա, տեսա ինտելիգենտ տեսքով երիտասարդի, որը նստած էր նստարանին, ինձ թվաց, թե նրա թեւը հոդախախտ է եղել, ոստիկաններին անմիջապես հարցրի, հո դեպք՝ ծեծկռտուք, ավտովթար տեղի չի՞ ունցել, ասին՝ ոչ: Իսկ Տիգրանն ինձ ասաց. «Պարապմունքի էի գնում, ուշաթափվեցի, հիմա լավ եմ»: Հետո մոտեցավ Տիգրանի մայրը, ես նրան փոխանցեցի Տիգրանի ասածները ու ասացի՝ երեւի ձեր տղան հոդախախտ ունի, ուզո՞ւմ եք հիվանդանոց տեղափոխել, բայց նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ծանոթ բժիշկ ունեն»: Բուժակի ցուցմունք տալու ժամանակ դահլիճից Տիգրանի հորեղբոր կինը գոչում էր. «Գոնե ամոթ արա, ես ու Տիգրանի եղբայրը մտնելով ոստիկանության բաժանմունք՝ չասի՞նք, Տիգրան ջան, քեզ ո՞վ է ծեծել, էդ ինչպես է, որ դու չես լսել ծեծել բառը»: Շիրակի մարզի դատախազի օգնական Վաղարշակ Մխիթարյանն էլ բուժակից հետաքրքրվեց, թե բուժաշխատողի մտքով չանցա՞վ, գլխի քերծվածքից բացի, Տիգրանի մարմնի մյուս մասերը եւս զննել: Ի պատասխան դատախազի, բուժակը տեղեկացրեց, որ Տիգրանի ինքնազգացողությունը լավ էր, եւ իր մեջ կասկածներ չառաջացան:
Վկաներից «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Խումարյանն էլ պատմեց, որ Տիգրանին հիվանդանոց տեղափոխելուց հետո, երկրորդ օրը ծնողներին խորհուրդ են տվել տեղափոխել Երեւան՝ «ավելի մասնագիտացված, կատարելագործված բժշկական օգնություն ստանալու համար». նա ստացել էր գանգուղեղային փակ վնասվածք: Բժիշկ Խումարյանի ասելով, իր մոտ եւս ծեծի մասին բառ չի հնչել, թեեւ ինքն անձամբ զանգել է ոստիկանապետ Աշոտ Թափալցյանին ու հետաքրքրվել՝ դեպքը գրացվա՞ծ է ոստիկանությունում: Դատից հետո Տիգրանի մայրը պատմեց, որ իր որդին մոտակա «Լիլիա» գեղեցկության սրահից տուն է զանգել ու եղբորը տեղեկացրել, որ ինքը ոստիկանությունում է եւ որ իրեն ծեծել են: Իսկ թե ոստիկանությունը ինչո՞ւ է հանցանքը կոծկել, Տիգրանի մորը հասած տեղեկություններով, երիտասարդ հանցագործներից մեկը ազդեցիկ բարեկամներ ունի ոստիկանությունում, ու նրանց ամեն կերպ փախցնում են: «Էդ ինչպե՞ս է, որ ոստիկանները չեն տեսել, եթե իմ երեխային չեն տեսել, ապա ինչո՞ւ հանցագործների ծնողները եկել էին հիվանդանոց ու ասում էին՝ ինչո՞վ օգնենք»: Տիգրանի հորեղբոր կինը՝ Անիչկա Թադեւոսյանն էլ հավելեց. «Եթե 30 տարվա բուժքրոջը պիտի հուշեն՝ կրիմինալ եղե՞լ է, թե՞ ոչ, ապա նա 30 տարի ինչո՞ւ է աշխատում, նա պիտի բարի լիներ Տիգրանին հոսպիտալացներ, իսկ նրանք Տիգրանին մեր ձեռքը տվեցին ու ասացին՝ ոչ մի բան չկա: Ես ոստիկանությունում գոռում էի՝ ծեծված է ես էրեխեն, իսկ իրենք պնդում էին, թե՝ սոված է»: