ԱՄՆ-ից հրավիրված սրտաբաններն առաջին անգամ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում կկատարեն սրտի բարդ վիրահատություններ: Վիրաբույժներ Հրայր Գարաբեդյանը, Պատրիկ Շիին եւ Քրիս Անդերսոնը մեր երկիր են ժամանել կենտրոնի տնօրեն, բժիշկ Սմբատ Ջամալյանի հրավերով: Այդ առիթով օրերս «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր սեմինար՝ սրտի բնածին արատով կանանց առողջության ու մայրության, սրտի ռիթմի խանգարումները դեռահասների եւ երեխաների մոտ թեմաներով: Սեմինարին ներկա էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Ռուսաստանի բժշկական կենտրոնների սրտաբաններ, թերապեւտներ, ընտանեկան բժիշկներ:
Սրտաբանների ներկայացմամբ, այս ծրագրի նպատակն է բարելավել հիվանդների բուժման որակը եւ առհասարակ տեղացի սրտաբաններին ծանոթացնել արդի բժշկության ձեռքբերումներին: Սրտաբանները Հայաստանում են հոկտեմբերի 17-ից եւ այդ օրվանից ի վեր կատարել են օրական 2-3 վիրահատություն՝ այդ թվում՝ մանուկների: «Առավոտի» հետ զրույցում սրտաբան Հրայր Գարաբեդյանն ասաց, որ «Նորածինների 0.8-1%-ը ծնվում է սրտի բնածին արատով: ՀՀ-ում տարեկան միջին հաշվարկով 350 երեխա է ծնվում սրտի բնածին արատով, որից գոնե 300-ը պետք է հասցվեն երիտասարդ տարիքի: Եվ մեր խնդիրն է արդյունավետ կերպով կազմակերպել այդ երեխաների բուժումն ու հսկողությունը: 1992-1993թթ. մոտ 21 երեխա տեղափոխել ենք ԱՄՆ՝ կատարելու անհրաժեշտ վիրահատություններն ու բուժումը»: Սրտաբանը ՀՀ-ում իր առաջին վիրահատությունն իրականացրել է 1992 թվականին եւ դրանից հետո յուրաքանչյուր տարի վիրահատել է 150 եւ ավելի երեխաների:
Կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանի ներկայացմամբ էլ՝ «2003 թվականից մինչ օրս մեր կենտրոնում կատարվել են էլեկտրոֆիզիոլոգիական բարդ վիրահատություններ, փորոքային, վերփորոքային եւ լրացուցիչ անցուղիների աբլացիաներ եւ առաջին անգամ Հայաստանում՝ միջամտություն տրանսեպտալ պունկցիայի միջոցով: Բացի պլանային վիրահատություններից, կատարվում են նաեւ կոնսուլտացիաներ, կլինիկական դեպքերի քննարկումներ: Սա եւս մի քայլ է սրտաբանության ոլորտում, որը, անշուշտ, կունենա իր դրական ազդեցությունը հիվանդների բուժման գործընթացն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար»: