Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՆԴԻ, ՍԵՔՍԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Հոգեբան Արման Առաքելյանը գտնում է, որ դրանք ավելի շատ են քայքայում մեր երիտասարդների հոգեբանությունը, քան մութ ու ցուրտ տարիները:

Վերջին շրջանում մեր երկրում հոգեբանին դիմելու առումով բավականին մեծ առաջընթաց կա. «Եթե առաջ մարդիկ խուսափում էին հոգեբանի մոտ գնալ, նույնիսկ չէին տարբերում հոգեբանին հոգեբույժից, կարծում էին, որ եթե հոգեբանի մոտ ես գնում՝ ուրեմն գիժ ես, հիմա նույնիսկ սահմանամերձ մարզերից են մեզ դիմում ու հոգեբանական օգնություն խնդրում»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնի նախագահ Արման Առաքելյանը: Կենտրոնն ամեն օր բազմաթիվ զանգեր է ունենում տարբեր հոգեբանական խնդիրներ ունեցող մեր ազգաբնակչությունից: Ինչպես նշեց պարոն Առաքելյանը, խանդից, սեքսից ու դավաճանությունից սկսած մինչեւ ամենատարրական կոնֆլիկտները՝ մարդկանց կարող են սթրեսի մեջ գցել ու հոգեկան հավասարակշռությունից դուրս բերել: Պարզվում է՝ հայերը բավականին խանդոտ ազգ են: Հատկապես ինտերնետի՝ մեր կենցաղ մուտք գործելուց հետո, սրվել են խանդի հողի վրա առաջացած խնդիրներն ու նեւրոզները: Կենտրոնին ուղղված զանգերը ցույց են տալիս, որ խանդից տառապում են հավասարապես թե՛ տղաները, թե՛ աղջիկները: Հոգեբանական օգնություն են խնդրում հատկապես կալանավայրերում գտնվող եւ բանակում ծառայող այն խանդոտ տղաները, ովքեր սիրած աղջիկ են թողել հեռվում: Արման Առաքելյանի խոսքերով՝ «Ցավոք, խանդի պատճառով առ այսօր շատ ընտանիքներ են քայքայվում, մեզ դիմում են խանդից հոգեկան շեղումներ ունեցող կանայք ու պատմում, որ ամուսինն ինտերնետով ուրիշ աղջկա հետ խոսեց, chat արեց, էսինչ կայքում նկար տեսավ եւ այլն: Կանայք իրենց նման խանդով ու ավելորդ հարցերով դրդում են, որ ամուսինն իսկապես գնա «ձախ»:
Ինտիմ հարաբերությունները նույնպես հայ ընտանիքներում հոգեկան լուրջ խնդիրների պատճառ են դառնում: Հոգեբանի պատմելով՝ «Մի դեպք կար, երբ կինը եզրակացրել էր, որ իր ամուսինն իրեն չի սիրում: Հարցնում ենք՝ ինչո՞ւ ես էդպես կարծում, ասում է՝ ինձ հետ ուշ-ուշ է ուզում ինտիմ հարաբերություններ ունենալ: Սակայն յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակը: Կնոջ հասկացողությամբ անկողնում չմոտենալ, սեքս չանել՝ նշանակում է չսիրել, բայց դա կարող է այդպես չլինել: Մարդ կա՝ սեքսի ցանկություն ունի ամեն օր, մարդ կա՝ ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ: Նման զույգերն իրար չեն հասկանում, ու ինտիմ հողի վրա խնդիրներն անխուսափելի են լինում»:
Հոգեբանն առաջընթաց է նկատել հայ տղաների՝ կյանքի ուղեկից ընտրելու հարցում. «Նախկինում, երբ կինը բաժանվում էր, այլեւս երկրորդ անգամ ամուսնանալու հույս չկար, իսկ հիմա նույնիսկ երեխայի հետ կինը նորից ամուսնանում է, այդ առումով տղաները հաղթահարել են կոմպլեքսները եւ ավելի ինքնավստահ են դարձել: Նրանք սկսել են ընտրել իրենց զուգընկերոջը՝ ելնելով այն բանից՝ իրար հասկանո՞ւմ են, թե՞ ոչ, մնացածը մղվում է երկրորդ պլան»:
Ինտիմ հարաբերություններից, խանդից ու սեքսից բացի, մարդկանց հոգեբանական խնդիրների լուրջ պատճառ է հանդիսանում նաեւ համակարգիչն ու ինտերնետը: Հոգեբանի դիտարկմամբ՝ «Առաջ մենք գտնում էինք, որ հոգեբանական խնդիրներ ունեցող երիտասարդներն ու պատանիները մութ ու ցուրտ տարիներ ապրած սերունդն է եւ միայն դրանով էինք պայմանավորում նման խորացված խնդիրները, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր երիտասարդների հոգեբանությունը խաթարել են ոչ թե մութ ու ցուրտ տարիները, այլ՝ ինտերնետը: Այնտեղ անընդհատ գովազդվում է անբարոյականությունը: Ողջ ցանցում տարածված են համասեռամոլների՝ երեխաների մասնակցությամբ պոռնոֆիլմերը, որոնք չեն կարող չգրավել մեր երեխաների ուշադրությունը: Բացի այն, որ ինտերնետը սերմանում է չկառավարվող անբարոյականություն, դրա «շնորհիվ» ընտանիքում անդամների շփումը հասցվում է մինիմումի: Շատ ծնողներ, զբաղված լինելով, իրենց երեխայի համար համակարգիչ են գնում, որ նա չխանգարի իրենց: Այսպիսով, երեխան ապրում է ինքն իր կյանքով՝ խաղալով համակարգչով, ծնողներն էլ՝ իրենց կյանքով: Նրանց միասնական կյանքը ձեւավորվում է միայն ճաշի կամ ընթրիքի ժամանակ, այն էլ՝ ոչ միշտ: Երեխաները մեծանում են իրենք իրենց: Ու հետո ծնողները զարմանում են, թե ինչու իրենց բարեկեցիկ ընտանիքում, որ ապահոված են ամեն ինչով, երեխաները բարեհաջող չեն: Որովհետեւ այդ երեխաների հետ ոչ ոք չի զբաղվում, իսկ միայն թանկարժեք սննդով ու հագուստով չի կարելի երեխա դաստիարակել: Համակարգիչն է երեխայի համար դառնում դաստիարակը, որը սովորեցնում է ինչպես սպանել, բռնաբարել, օգտագործել թմրանյութեր, գողանալ: Բազմաթիվ հանցագործներ, մասնավորապես՝ երիտասարդները, խոստովանել են, որ հանցագործություն կատարելու գաղափարը իրենց մեջ առաջացել է ֆիլմերից, որոնցից էլ ընդօրինակել են դրանց իրականացման մեխանիզմները: Երեխայի մտածելակերպը, կենսակերպն ու պահվածքը ձեւավորում են համակարգիչն ու հեռուստացույցը»:
Արման Առաքելյանը խորհուրդ է տալիս ծնողներին ամեն ինչ անել, որ իրենց երեխան համակարգչից հեռու մնա. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց վերցնել եւ մանկապարտեզի երեխայի համար կոմպյուտեր առնել՝ սխալ է: Խաղերը բերում են սթրեսներ ու լարվածություն: Պատահական չէ, որ հոգեբանական խնդիրներ ունեցողների 70%-ը տանը համակարգիչ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել