ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արձագանքել է 2009-ի հոկտեմբերի 20-ին մեր օրաթերթում հրապարակված «Փաստաթղթերով՝ նորմալ, իրականում՝ ստանդարտ» հոդվածին: Նշենք, որ հոդվածում նշել էինք, թե գազի խոշոր սպառողները մատակարարվող գազի որակի հարցում հայտնվել են անորոշ դրության մեջ: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանի պարզաբանմամբ. «Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի ստորին ջերմարարությունը՝ 7900 կկալ/ խմ, սահմանված է 20՛C: եւ 101,325 կՊա պայմանների համար՝ ԳՕՍՏ 5542-87-ի պահանջներին համապատասխան, որը ամրագրված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Գազպրոմէքսպորտի» միջեւ կնքված պայմանագրի՝ համապատասխանաբար 1.8, 8.1, եւ 4.1 կետերում: ՀՀ բոլոր սպառողներին մատակարարվող բնական գազի հաշվառումն իրականացվում է նույնպես 20՛C: եւ 101,325 կՊա պայմաններին համապատասխան: Ուստի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նորմատիվ ակտեր սահմանելիս ելնում է այդ իրողությունից: Հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ի N 66Ն որոշմամբ, բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձեւի 6.3 կետը սահմանում է ոչ կենցաղային սպառում ունեցող 10,0 հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի գազ սպառած բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման բանաձեւ: Հաշվարկման բանաձեւում յուրաքանչյուր ամսվա գազի ստորին ջերմարարության փաստացի մեծությունը նույնպես որոշվում է 20՛C: եւ 101,325 կՊա պայմանների համար: Հետեւաբար, գազամատակարարումն իրականացվում է նույն ֆիզիկական պայմաններին համապատասխան ծավալի ու ջերմարարության գազով, որի արդյունքում սպառողը չի կարող «տուժել»:
Ինչ վերաբերում է վերը նշված որոշման մեջ նորմալ խորանարդ մետր հասկացության կիրառմանը, ապա նշենք, որ հանձնաժողովի 1998թ. հունվարի 9-ի N22 որոշմամբ, նորմալ խորանարդ մետր սահմանումը տրված է 20՛C: ջերմաստիճանի եւ 101,325 կՊա ճնշման պայմաններում:
Այդուհանդերձ, տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով, հանձնաժողովը հետագայում իր իրավական ակտերում կկատարի համապատասխան հստակեցումներ»: