Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2009 00:00

Հարուստները պետք է հարկվեն ավելի շատ

Հարուստ գերմանացիները երկրի կառավարությանը խնդրել են բարձրացնել իրենց հարկերը: Նրանք պնդում են վերականգնել, այսպես կոչված, հարստության հարկը: Նրանք դրանով ցանկանում են օգնել երկրին՝ դուրս գալու տնտեսական ճգնաժամից:
Այս մասին տեղեկանում ենք «banker.am» կայքէջից: Աղբյուրի հավաստմամբ, ինտերնետում զետեղված հանրագիրն ստորագրել է 44 մարդ: Նրանցից մեկը՝ 66-ամյա թոշակառու, բժիշկ Դիտեր Քելմկյուխլը հայտարարել է, որ ժամանակն է հարուստ մարդիկ օգնության գան իրենց երկրին: Ըստ նրա հաշվարկների, եթե երկու միլիոն գերմանացիներ, որոնց անձնական կարողությունները գերազանցում են կես միլիոն եվրոն,  հինգտոկոսանոց հարկ վճարեին 2009 եւ 2010 թվականներին, դա երկրի բյուջեն կհարստացներ լրացուցիչ 100 մլրդ եվրոյով: 
Գերմանիայում եկամտահարկը գանձվում է հարաճուն սանդղակով, 14-ից մինչեւ 45% է՝ կախված եկամտից:
Կարծում ենք, որ եթե նման փորձ կիրառվեր նաեւ Հայաստանում, այսինքն՝ խոշոր գործարարները հարկվեին ըստ իրենց եկամտի, ապա մեր երկրի բյուջեն եւս հաստատ կհարստանար մի քանի հարյուր միլիարդ դրամով: 

Գոհ են, բայց՝ մասամբ

Համաշխարհային բանկը, ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, գնահատել է Հայաստանի գնումների համակարգը: Ըստ նախարարության հաղորդագրության, գնահատումն իրականացրած խմբի ղեկավար Նաշադ Խանը նշել է, որ թեեւ տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի գնումների համակարգը գնահատվում է միջազգային չափանիշներին առավել համապատասխանող, սակայն ինչպես եւ ցանկացած այլ համակարգ, այն եւս բարելավման կարիք ունի: Մի շարք փոփոխությունների թվում, ՀԲ մասնագետները առաջարկել են նաեւ, կազմակերպությունների մասնակցությունը խթանելու նպատակով՝ պարզեցնել գնման գործընթացները, բացի այդ, դրանց կազմակերպման լիազորությունները վերապահել պատվիրատուներին:

 Հայաստանի ՏՏ ոլորտը կներկայացվի Թբիլիսիում

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 10 ընկերություններ հոկտեմբերի 29-30-ը կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը։ Մասնակից ընկերությունների թվում են «E-dram»-ը, «CHS Verisel Service»-ը, «Strategic Partners»-ը, «E-works»-ը, «Spyur»-ը, «Lime Tech»-ը, «Margasoft Corp»-ը, «IDS Design and Technologies»-ը, «Grant Thornton Amyot»-ն եւ «Macadamian AR»-ը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը՝ կազմակերպում եւ համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ USAID/CAPS-ի օժանդակությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել